Հոկտեմբերի 1-ին Forbes-ի միլիարդատերերի ցուցակում Իլոն Մասկի կարողությունը հասել է պատմության մեջ աննախադեպ մակարդակի։ Առևտրային օրվա ընթացքում այն հատել է 500 մլրդ դոլարի սահմանագիծը՝ դարձնելով նրան առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է կես տրիլիոն դոլարը։ Օրվա ավարտին, սակայն, ցուցանիշը մի փոքր նվազել է՝ կազմելով մոտ 499 մլրդ, սակայն պատմական փաստն արդեն արձանագրված էր (հոդվածը գրելու պահին նույն ցուցակում Մասկի կարողությունը կազմում է 499.1 մլրդ դոլար)։
Մասկի հարստության զգալի մասն ապահովում է Tesla ընկերության բաժնետոմսերի արժեքը, որոնք վերջին ամիսներին աճել են շուկայում։ Tesla-ում նրա ունեցած մասնաբաժինը՝ շուրջ 12%, անմիջականորեն նպաստել է այս ֆինանսական թռիչքին։ Բացի այդ, SpaceX-ը, ինչպես նաև վերջերս հիմնված xAI ստարտափը շարունակում են ավելացնել նրա ակտիվների ընդհանուր արժեքը։
Տարվա սկզբին Մասկի կարողությունը նվազել էր՝ կապված Թրամփի վարչակազմում նրա ժամանակավոր ներգրավվածության հետ։ Սակայն պաշտոնից դուրս գալուց հետո նրա ընկերությունների արժեթղթերը վերականգնեցին դիրքերը, իսկ ներդրողների վստահությունը՝ ամրապնդվեց։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Մասկի գլխավոր մրցակիցը՝ Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը, այս պահին զգալիորեն հետ է մնում՝ մոտ 350 միլիարդ դոլար կարողությամբ։ Թեև սեպտեմբերին Էլիսոնը կարճ ժամանակով առաջ էր անցել՝ Oracle-ի բաժնետոմսերի վերելքի շնորհիվ, շուտով Մասկի դիրքերը վերականգնվեցին՝ Tesla-ի և SpaceX-ի կայուն աճով։