Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հոկտեմբերի 10-ին We, Robot միջոցառմանը ներկայացրել է ընկերության առաջին երկու ամբողջովին անօդաչու մեքենաները՝ Cybercab-ը և Robovan միկրոավտոբուսը, հայտնում է Tesla-ի կայքը:
Երկտեղանի Cybercab-ն ունի ֆուտուրիստական դիզայն: Ունի ինդուկտիվ լիցքավորում և դեպի վեր բացվող դուռ։ Էլեկտրական մեքենան չունի ղեկ և ոտնակ։ Ընկերությունը հայտնել է, որ նման մեքենան կարժենա 30,000 դոլարից պակաս:
Robovan միկրոավտոբուսը նույնպես չունի ղեկ կամ ոտնակ։ Այն ունի անլար լիցքավորում և կարող է տեղավորել մինչև 20 մարդ։
Tesla-ն պլանավորում է հաջորդ տարի գործարկել լիովին ինքնավար տաքսիներ Տեխասում և Կալիֆորնիայում, իսկ Cybercab-ի արտադրությունը սկսել մինչև 2026 թվականը: Մասկի խոսքով՝ դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մինչև 2027 թվականը։
Tesla-ի գլխավոր տնօրենն ասել է, որ նման ինքնակառավարվող մեքենաները 10-20 անգամ ավելի անվտանգ կլինեն սովորական մեքենաներից։ Ընկերությունը նախատեսում է նման ռոբոտներով ճանապարհորդությունն ավելի էժան դարձնել, քան ավանդական ավտոբուսներով՝ կիլոմետրի համար մոտ 20 ցենտ։
Այնուամենայնիվ, Tesla-ն արտադրություն սկսելուց առաջ պետք է ստանա հաստատում կարգավորող մարմնի կողմից:
Իլոն Մասկը վաղուց է խոսում robotaxi կոնցեպտի մասին։ Նա ակնարկել է ապագայի մասին, երբ Tesla-ի սեփականատերերը կարող են կիսել իրենց էլեկտրական մեքենաները ուրիշների հետ և գումար վաստակել։ Այն ժամանակ երբ նրանք աշխատանքի են, մեքենաները տեղափոխում են ուրիշ ուղևորների, ովքեր վճարում են ծառայության դիմաց։
Այս տարվա ապրիլին Մասկը X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել էր, որ Tesla-ն պատրաստվում է ռոբոտաքսի ծառայություն ներդնել օգոստոսի 8-ին, սակայն թողարկումը հետաձգվել է։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 10-ը, նույնպես հետաձգվեց։ Ինչպես նշում է Bloomberg-ը, դա պայմանավորված է նրանով, որ Մասկին դուր չի եկել ռոբոտաքսիի դիզայնը։