Տեխնոլոգիաների ոլորտում նոր սկանդալ է հասունանում․ Իլոն Մասկը դատական հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ պահանջելով կասեցնել ընկերության առևտրային կազմակերպություն դառնալու գործընթացը։ Մասկի փաստաբանները պնդում են, որ OpenAI-ի հիմնադիրներ Սեմ Ալթմանը և Գրեգ Բրոքմանը խախտել են ընկերության սկզբնական առաքելությունը՝ «աշխատել հանուն մարդկության բարօրության»։ Հայցում նշվում է, որ ընկերությունը որդեգրել է հակամրցակցային գործելաոճ՝ ներդրողներին համոզելով չաջակցել մրցակիցներին և Microsoft-ի հետ համագործակցությունից ստանալով առևտրային գաղտնի տվյալներ։
Հայցում ընդգրկված է նաև LinkedIn-ի համահիմնադիր Ռիդ Հոֆմանի և Microsoft-ի փոխնախագահ Դի Թեմփլթոնի հասցեին ուղղված մեղադրանքներ՝ հակամենաշնորհային օրենսդրության խախտման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Մասկը 2015 թվականին եղել է OpenAI-ի համահիմնադիրներից, սակայն 2018-ին հեռացել է խորհրդից՝ հնարավոր շահերի բախման պատճառով։ Այնուհետև նա հիմնել է xAI ընկերությունը, որը թողարկել է Grok անունով չաթբոտը՝ մրցակցելու OpenAI-ի մոդելներին։
OpenAI-ն պահանջում է մերժել Մասկի հայցը՝ պնդելով, որ նա չի ներկայացրել ապացույցներ, որոնք կհաստատեին, որ ընկերությունը պարտավոր էր հրաժարվել առևտրայնացումից կամ որ դրա գործունեությունը հակասում է օրենսդրությանը։ Ներկայումս OpenAI-ն քննարկում է «հանրօգուտ առևտրային կորպորացիա» դառնալու հնարավորությունը։ Այս մոդելը, որը գործում է ԱՄՆ-ում, նախատեսում է, որ նմանատիպ կազմակերպությունները որոշումներ կայացնելիս հաշվի առնեն ոչ միայն ֆինանսական շահերը, այլև հասարակական և բնապահպանական գործոնները։
2019 թվականին OpenAI-ն ստեղծել է OpenAI Global դուստր ընկերությունը՝ առևտրային գործունեություն ծավալելու և կապիտալ ներգրավելու նպատակով։ Այս կառույցը վերահսկվում է OpenAI-ի տնօրենների խորհրդի կողմից, իսկ ներդրողների շահույթը սահմանափակված է։ Սակայն Մասկի փաստաբանները պնդում են, որ նման գործողությունները չեն համապատասխանում կազմակերպության սկզբնական առաքելությանը։