Արցախի «Մունք» տեխնոդպրոցը ստեղծելու նախագծին է միացել Արցախի կառավարությունը, այդ թվում` ֆինանսական աջակցություն տրամադրելով,այդ մասին հայնել է «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը
Դպրոցը գործելու է Մարտունի քաղաքում։ Տեխնոդպրոցը կրթական նախագիծ է ՏՏ ոլորտում, որն իրականացվում է «Ես» կրթական հիմնադրամի կողմից։
Նպատակը երեխաներին որակյալ տեխնիկական գիտելիքներ տալն է, ինչը նրանց համար ճանապարհ կբացի դեպի ՏՏ շուկա։ Նախագծի հեղինակը մաթեմատիկոս և ծրագրավորող Աշոտ Ավանեսյանն է, որը Ստեփանակերտում ուսման և Երևանում աշխատանքի երկար տարիներից հետո վերադարձել է հարազատ գյուղ և մշակել Տեխնոդպրոցի գաղափարը։
Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է մոտ 68 մլն դրամ։
Շարժական լաբորատորիաների հետ մեկտեղ` ապագայում ստեղծվելու է մեծ տեխնոլոգիական դպրոց։ Շենքն ունենալու է երեք կահավորված սրահ, մեկ ընդհանուր աշխատանքային սենյակ և սանհանգույց։ Նախագծի շրջանակում տրամադրվել է Հաղորտիի համայնքապետարանի շենքը։
Վերանորոգումից հետո այն կկարողանա ընդունել 100 երիտասարդի, իսկ նախագծի շահառուների թիվը կհասնի 280-ի։ Հետագա հինգ տարվա ընթացքում պատրաստվելու է մոտ 270 ՏՏ մասնագետ, ինչը միայն աշխատավարձի տեսքով երկիր կբերի մոտ 1 մլրդ դրամ, ինչպես նաև կսկսի գործել ավելի քան 10 ՏՏ ընկերություն։
«Այս կրթական ծրագրերը մշակվել էին դեռ 2017-ին, որպեսզի ուղղակի մի քիչ ակտիվացնենք Արցախի գյուղերի կյանքը, երեխաների և դեռահասների կրթության մեջ փոփոխություններ անենք, բայց ամենակարևորը՝ արդիականացնենք կրթության ոլորտը…Հիմա մեր ուսանողական նախաձեռնությունը դարձել է մեծ տարածաշրջանային նախագիծ, որին միացել է և Արցախի կառավարությունը», — ընդգծել է «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը։
«Ես» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2019 թ-ին` Աշոտ Ավանեսյանի և նրա կնոջ՝ Լուիզայի կողմից։ Հիմնադամի դասընթացներն օգնել են արդեն 80 արցախցի 13-17 տարեկան երեխաների։ Ուսումն ավարտելուց հետո աշակերտները հնարավորություն են ստանում իրենց սեփական ընկերությունները ստեղծել։ Առաջին հաջողված նախագիծն է դարձել StartSystems ստարտափը, որը հիմնադրել են դասընթացի առաջին շրջանավարտները։ «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի նախաձեռնողներն են Tufenkian Foundation-ը, TheCrowdFundingFormula-ն, MerakiPal-ը, Global AM-ը, Techնոտուն-ը, Backbone-ը: Հարթակը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։
«ռեԱրմենիա»-ն ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։ Հարթակի ստեղծմանն արդեն միացել են տարբեր կազմակերպություններ, որոնց թվում են Krisp-ը, gg-ն, 10Web-ը, Art Lunch-ը, UATE-ն, Ucraft-ը, Picsart-ը, Digitain-ը, Easy D’Marc-ը, COAF-ը, Onex-ը, AppearMe-ն, VPOS Testing-ը, BANA-ն, Zigzag-ը, Kantata-ն:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։