Հայաստանյան աշխատաշուկան 2024-ին ևս շարունակել է փոփոխություններ կրել՝ ձևավորելով պահանջված մասնագիտությունների նոր թոփեր։ staff.am էկոհամակարգի Compass վերլուծական ուղղության շրջանակներում իրականացվել է «Աշխատաշուկա 2024» զեկույցը, որտեղ կատարվել է աշխատաշուկայի հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծություն։
Այս տարի առանձնացել են հատկապես բանկային և ոչ-ՏՏ մասնագիտությունները, ինչը վկայում է աշխատաշուկայի ավելի լայն ընդգրկման ու ՏՏ ոլորտից ապակենտրոնացման մասին։
2024 թվականի ամենապահանջված մասնագիտությունների շարքում առաջին տեղում են բանկային և վարկային մասնագետները։ Վերջին տարիներին այս ոլորտի ակտիվությունը համեմատաբար կայուն է եղել՝ պայմանավորված տնտեսության մեջ ակտիվ դերակատարմամբ։
Վաճառքի և սպասարկման կազմակերպման ոլորտը ևս աշխատուժի բարձր պահանջարկ է գրանցել՝ պայմանավորված ոլորտի ակտիվությամբ։
Չնայած ծրագրավորողների պահանջարկի նվազմանը (2024-ին ոլորտը հասել է վերջին 7 տարիների իր նվազագույն մակարդակին)՝ ՏՏ ոլորտը շարունակում է աշխատուժի մեծածավալ պահանջարկ ներկայացնել ու մնալ թոփ եռյակում։
2024-ին ավելի մեծ պահանջարկ են ապահովել ոչ-ՏՏ մասնագիտությունները, ինչպիսիք են մարքեթինգը, հաշվապահությունը և ֆինանսների կառավարումը։ Նույն կերպ աճ է գրանցել տուրիզմը, տվյալների վերլուծությունը և որակի կառավարումը։
2024 թվականի աշխատաշուկայում առավել ակտիվ են ֆինանսաբանկային և ՏՏ ոլորտները։ Այս երկու ոլորտները, նախորդ տարվա համեմատ, փոխել են իրենց դիրքերը․ այս տարի բանկային ոլորտն առաջ է անցել ՏՏ-ից։ Վերջինիս ակտիվության նվազումը պայմանավորված է միջազգային շուկայում առկա ճգնաժամով, ներդրողների զգուշավորությամբ և ԱՄՆ դոլարի արժեզրկմամբ ազգային արժույթի նկատմամբ։