Ամենաակտիվ գործատուները 2024-ին

Վերջին լուրերը
Ամենաակտիվ գործատուները 2024-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականին Հայաստանյան աշխատաշուկայի գլխավոր դերակատարները բանկային ու ֆինանսական ոլորտներն են։ Ըստ Staff.am-ի հետազոտության՝ երկրի ամենաակտիվ 20 գործատուներից 6-ը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են, իսկ 9-ը՝ ֆինանսաբանկային ոլորտի:

Ամենաակտիվ գործատուները խաղային ոլորտում գործող երկու հսկաներն են՝ SoftConstruct-ը և Digitain-ը, որոնք կայուն կերպով շարունակում են համալրումը:

Ամենաակտիվ գործատուները 2024-ինՖինանսաբանկային ոլորտի ամենաակտիվ գործատուները

Ֆինանսաբանկային ոլորտը դարձել է առաջատարը՝ առաջարկելով շուկայի հայտարարված թափուր հաստիքների շուրջ 30%-ը: Ոլորտում միջին աշխատավարձը կազմում է 838,000 դրամ (ներառյալ հարկերը), ինչը երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է Հայաստանում: Ոլորտում ներկայումս աշխատում է մոտ 22,844 մասնագետ:

Առաջատար գործատուներն են Ֆասթ բանկը և Արդշինբանկը: Հատկանշական է, որ այս տարի ոլորտի ակտիվ գործատուների շարքում է հայտնվել նաև Freedom Broker Armenia-ն: Նախորդ տարվա համեմատ՝ համալրումը զգալիորեն մեծացրել է Ամերիաբանկը:

Ամենաակտիվ գործատուները 2024-ին

ՏՏ ոլորտի ամենաակտիվ գործատուները

ՏՏ ոլորտը պահպանում է իր ուժեղ դիրքերը՝ առաջարկելով ամենաբարձր միջին աշխատավարձը երկրում՝ 1,125,000 դրամ: Ոլորտում զբաղված է շուրջ 31,848 մասնագետ: Հայտարարված աշխատատեղերի 27%-ը բաժին է ընկնում այս ոլորտին:

Ոլորտի առաջատար գործատուներն են SoftConstruct-ը և Digitain-ը, որոնք, սակայն, համալրում են կատարում ոչ միայն ՏՏ մասնագիտություններով: Ուշագրավ է, որ առաջատար գործատուներից երկուսը մասնագիտացած են խաղային լուծումների մշակման ոլորտում, իսկ ութը հանդիսանում են միջազգային ընկերությունների հայաստանյան մասնաճյուղեր:

Ամենաակտիվ գործատուները 2024-ին

Առևտրի ոլորտի ամենաակտիվ գործատուները

Առևտրի ոլորտը զբաղեցնում է երրորդ տեղը՝ 5.5% մասնաբաժնով: Ոլորտի առաջատար գործատուներն են Maurice Ward Armenia-ն, Մոբայլ Սենթրը և «Գալաքսի» ընկերությունների խումբը: Առևտրի ոլորտում միջին աշխատավարձը կազմում է 204,000 դրամ:

Ամենաակտիվ գործատուները 2024-ին

Արտադրության ոլորտի ամենաակտիվ գործատուները

Արտադրության ոլորտում, որը նույնպես զբաղեցնում է շուկայի 5.5%-ը, առաջատար գործատուներն են Աթենք, Բեկոն Պրոդուկտ և Կոկա-Կոլա ընկերությունները: Ոլորտում միջին աշխատավարձը կազմում է 252,000 դրամ:

Ամենաակտիվ գործատուները 2024-ին

Հեռահաղորդակցության ոլորտի ամենաակտիվ գործատուները

Հեռահաղորդակցության ոլորտը զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ ապահովելով շուկայի թափուր աշխատատեղերի 5%-ը: Ոլորտում միջին աշխատավարձը կազմում է 458,000 դրամ, իսկ զբաղված մասնագետների թիվը հասնում է 13,019-ի: Առաջատար գործատուներն են Վիվա-ՄՏՍ-ը, Յուքոմը և Տելեկոմ Արմենիան:

Ամենաակտիվ գործատուները 2024-ին

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները