Microsoft-ը ծրագրել է հեռացնել կառավարման վահանակը (անգլ.՝ Control Panel) Windows-ի ապագա տարբերակներից։ Այս մասին հայտնում է Neowin-ը։
Control Panel-ը Windows-ի բաղադրիչ է, որն անհրաժեշտ է համակարգի կազմաձևման, ծրագրերի հեռացման, օգտվողների ավելացման և այլ գործողություններ կատարելու համար: Microsoft-ը հաստատել է, որ ՕՀ-ի այս մասը կվերանա Windows-ից մոտ ապագայում։
Այն հայտնվել է 1985 թվականին Windows 1.0-ի թողարկմամբ: Ըստ Neowin-ի լրագրողների՝ Microsoft-ը մտադիր է 40-ամյա բաղադրիչը փոխարինել Settings հավելվածով, որով օգտատերերն արդեն կարող են փոփոխություններ կատարել համակարգի կարգավորումներում։ Հրապարակման հեղինակները հիշեցրել են, որ կառավարման վահանակի հեռացման մասին լուրերը հայտնվել են դեռևս 2011-ին։
«Մենք այս հնարավորությունը չեղարկելու գործընթացում ենք՝ հօգուտ «Կարգավորումներ» (անգլ.՝ Settings) հավելվածի, որն առաջարկում է ավելի ժամանակակից և պարզեցված փորձ»,- ասվում է Windows-ի աջակցման էջում: Միևնույն ժամանակ, Microsoft-ը խոստովանել է, որ ավելի վաղ չի հրաժարվել գործիքից այն պատճառով, որ ոչ բոլոր ֆունկցիոնալ բաղադրիչներն են տեղափոխվել «Կարգավորումներ»:
Օրեր առաջ Microsoft-ը նաև հայտարարել է, որ կհեռացնի Paint 3D ծրագիրը Windows OS-ի ընթացիկ բլոկներից: Paint գրաֆիկական խմբագրիչի առաջադեմ տարբերակը, որը հնարավորություն է տալիս 2D փաստաթղթերը վերածել 3D-ի, հայտնվել է 2017թ.-ին։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: