Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տեսաուղերձ է հրապարակել, որում նշել է, որ իր հարթակներում գրաքննությունը չափազանց հեռուն է գնացել։ Այժմ ընկերությունը կհրաժարվի երրորդ կողմի փաստերի ստուգման ծառայություններից և կվերացնի այնպիսի թեմաների քննարկումների սահմանափակումները, ինչպիսիք են ներգաղթը, գենդերը և գենդերային ինքնությունը:
Ցուկերբերգը փաստերը ստուգողներին չափազանց քաղաքականացված ու կողմնակալ է համարել և նշել, որ Ժամանակն է վերադառնալ խոսքի ազատության արմատներին։
Ջոել Կապլանն էլ, ով այժմ վերահսկում է Meta-ի գլոբալ քաղաքականությունը, գրել է, որ ընկերության կողմից անկախ մոդերատորների ապահովումը լավ նպատակ ուներ, սակայն դա շատ հեռուն գնաց և այժմ գրաքննում է չափազանց անմեղ բովանդակությունները:
Այժմ Facebook-ը, Instagram-ը և Threads-ը, որոնք Meta կորպորացիայի մաս են կազմում, կունենան Community notes («համայնքային նշումներ») համակարգը, որը նման է X-ում՝ նախկին Twitter-ում, արդեն գոյություն ունեցող համակարգին: Գրառումների ճշգրտության ստուգումը կմնա օգտատերերի հայեցողությանը, ովքեր կկարողանան նշումներ ավելացնել վիճելի հայտարարություններին, որոնք ընդլայնում են ենթատեքստը և պարզաբանում, թե որտեղ կարող է հեղինակը սխալվել: Նշումները կարող են գնահատվել:
Ակնկալվում է, որ Community notes-ը կգործարկվի առաջիկա ամիսներին և, ինչպես Իլոն Մասկի X-ում, նշումների հեղինակ դառնալու հնարավորություն կունենան միայն ԱՄՆ-ից օգտատերերը։
Իր ուղերձում Ցուկերբերգը հիշատակել է տարբեր երկրներում գրաքննության մասին, այդ թվում՝ Եվրոպայում, իսկ ԱՄՆ-ն անվանել է խոսքի ազատության սահմանադրական պաշտպանության ամենաբարձր մակարդակ ունեցող երկիրը։
Նա հայտարարել է, որ կաշխատի նորընտիր նախագահ Թրամփի հետ՝ դիմակայելու ամերիկյան ընկերությունների վրա օտարերկրյա կառավարությունների կողմից գրաքննությունը խստացնելու ճնշումներին: