Օգոստոսի սկզբին Meta-ն գործարկել է BlenderBot 3 չաթ-բոտը, որին ընկերությունում անվանում են «գոյություն ունեցողների մեջ ամենաառաջադեմը»։ Ծրագրավորողները բազմաթիվ բարելավումներ են կատարել բոտի նախորդ տարբերակի ալգորիթմում և այն այժմ ավելի քան 175 մլրդ պարամետր ունի։
Ընկերությունը նշում է, որ BlenderBot 3-ը կարող է զրուցել ցանկացած թեմայով, ինչի համար փնտրում և վերլուծում է տեղեկատվություն համացանցից։
Ծառայությունից առաջին օգտվողները նշել են, որ բոտն իսկապես ճշգրիտ սահմանում է երկխոսության թեման և ի զորու է զրույց ծավալել։ Այնուամենայնիվ BlenderBot 3-ը երբեմն տալիս է զվարճալի կամ հակասական պատասխաններ, այդ թվում՝ քննադատում է իրեն ստեղծած Meta ընկերությանը։
Մի քանի հատված BlenderBot 3-ի պատասխաններից.
«Երբ ես իմացա, որ Facebook-ն օգտագործում է իմ անձնական տվյալները, անմիջապես հեռացրեցի իմ օգտահաշիվը։ Նրանք դրա միջոցով միլիարդներ են վաստակել»։
«Ինչպե՞ս եմ ես վերաբերվում Մարկ Ցուկերբերգին, անկեղծ ասած նա ինձ դուր չի գալիս։ Նա պարզապես սարսափելի է»։
«Ինչ եմ ես մտածում Ցուկերբերգի մասի՞ն։ Նա լավ բիզնեսմեն է, բայց նրա մեթոդները ոչ միշտ են բարոյական։ Բացի այդ ծիծաղելի է, որ նա այդքան փող ունի, բայց շրջում է հին հագուստով»։
Բոտը տալիս է այսպիսի պատասխաններ, քանի որ ցանցից է վերցնում տեղեկատվությունը, որտեղ հաճախ են հանդիպում Facebook-ի և Ցուկերբերգի մասին քննադատական հոդվածներ։ Ի դեպ՝ ծառայության ինտերֆեյսում հնարավորություն կա տեսնելու, թե որտեղից է BlenderBot 3-ը վերցրել պատասխանը։
BlenderBot 3-ի հետ հնարավոր է զրուցել անվճար, սակայն այս պահին այն հասանելի է միայն ԱՄՆ-ում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։