Meta-ի դեմ դատական հայցը կարող է հանգեցնել Instagram-ի ու WhatsApp-ի բաժանմանը

Վերջին լուրերը
Meta-ի դեմ դատական հայցը կարող է հանգեցնել Instagram-ի ու WhatsApp-ի բաժանմանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta ընկերությունը, որի կազմում են Instagram-ն ու WhatsApp-ը, կրկին հայտնվել է ԱՄՆ իշխանությունների թիրախում։ Դաշնային առևտրի հանձնաժողովը (FTC) Վաշինգտոնի դատարանում մեկնարկել է երկարատև դատավարություն, որի արդյունքը կարող է դառնալ տեխնոհսկայի բաժանումը և ընկերության ստիպողաբար հրաժարումը երկու կարևոր հարթակներից՝ Instagram-ից և WhatsApp-ից։

FTC-ի ներկայացուցիչ Դենիել Մեթիսոնը հայտարարել է, որ 2012 և 2014 թվականներին կատարված գնումները եղել են «հստակ քայլ մրցակիցներին ոչնչացնելու ուղղությամբ»։ FTC-ի գնահատմամբ՝ Meta-ն այսպիսով ձեռք է բերել մենաշնորհային դիրք՝ վերահսկելով ԱՄՆ սոցիալական մեդիայի շուկայի շուրջ 85%-ը՝ ըստ օգտատերերի կողմից հավելվածներում անցկացվող ժամանակի։

Հանձնաժողովը որպես ապացույց ներկայացրել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ներքին նամակագրությունը, որտեղ նա Instagram-ը բնութագրում է որպես սպառնալիք Facebook-ի համար և անհանգստություն է հայտնում այն բանի շուրջ, որ այն կարող էր գնվել Google-ի կողմից։ WhatsApp-ի մասին Ցուկերբերգը գրել է, որ այն կարող է արմատական փոփոխություններ բերել հաղորդագրությունների շուկայում՝ հատկապես ԱՄՆ-ում, որտեղ նախկինում գերակշռում էր SMS-ը։

FTC-ն Meta-ին մեղադրում է նաև անազնիվ մրցակցային մեթոդների կիրառման մեջ՝ մասնավորապես կանխելով Instagram-ի արագ աճը՝ հօգուտ Facebook-ի։ Հանձնաժողովը նշում է, որ այդ վարքագիծը վնասել է սպառողներին՝ հանգեցնելով գովազդային ծավալների կտրուկ աճի Facebook-ում և Instagram-ում, ինչպես նաև խախտումների՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։

Meta-ի փաստաբան Մարկ Հանսենը, սակայն, մերժել է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ FTC-ի հաշվարկները շուկայի մասնաբաժնի վերաբերյալ թերի են։ Նա նշել է, որ եթե հաշվի առնվեն նաև TikTok-ը, YouTube-ը և այլ հարթակներ, Meta-ի իրական մասնաբաժինը շուկայում չի գերազանցի 30 տոկոսը։ Բացի այդ, Հանսենը շեշտել է, որ Instagram-ն ու WhatsApp-ը մնում են անվճար օգտատերերի համար, իսկ դրանց աճը եղել է բնական և շուկայական մեխանիզմներով պայմանավորված։

Դատավարությունը կարող է շարունակվել մինչև հուլիս։ Եթե FTC-ն կարողանա ապացուցել ոչ միայն մենաշնորհային դիրքը, այլև Meta-ի գործողությունների անօրինական բնույթը, ապա հաջորդ փուլում կդիտարկվի Instagram-ի և WhatsApp-ի հարկադիր վաճառքի հարցը՝ մրցակցային դաշտը վերականգնելու նպատակով։

Նշենք, որ Instagram-ն այսօր Meta-ի գովազդային եկամուտների հիմնական աղբյուրներից է. Emarketer-ի գնահատմամբ՝ միայն ԱՄՆ-ում Instagram-ը 2025-ին ապահովելու է մոտ $37.13 միլիարդ գովազդային եկամուտ, ինչը կազմում է Meta-ի ԱՄՆ գովազդային ընդհանուր եկամուտների կեսից ավելի։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները