Generation Unlimited Youth Challenge in Armenia-ն հայտնում է, որ մեկնարկելու է «Սերունդ առանց սահմանների» ծրագրի ամենահետաքրքիր փուլը՝ վարժանքը (Bootcamp)։ Այս տարի վարժանքին մասնակցելու է ընտրության փուլը հաղթահարած 12 թիմ։
Հայաստանի 6 մարզերից և մայրաքաղաք Երևանից ներկայացված 12 գաղափարներ կմրցեն հաջորդ փուլ անցնելու համար։ Մարզերն են՝ Տավուշ, Սյունիք, Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Շիրակ։ Հաջորդ փուլ կանցնեն միայն 5-ը։
«Սերունդ առանց սահմանների» մրցույթը կոչված է երիտասարդների լավագույն գաղափարների իրագործմանը։
Այն միջազգային նախաձեռնություն է, որն ամեն տարի ընդլայնում է աշխարհագրությունը։
2021-ին մրցույթն ընդգրկել է աշխարհի 43 երկիր և 25 միլիոն երիտասարդի։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի երիտասարդները ևս մրցույթին իրենց գաղափարները ներկայացնելու և միջազգային այս տոնի մասը կազմելու հնարավորություն ունեն։
Բութքեմփի արդյունքում լավագույններից մեկը ճանաչվելու դեպքում թիմը կստանա 1000 դոլարի ֆինանսավորում և հնարավորություն կունենա մասնակցելու գաղափարների ինկուբացիոն փուլին։
Մեկուկես ամիս տևողությամբ այս փուլը ենթադրում է.
- Թիմերի ուսուցում՝ մենթորների ղեկավարությամբ,
- Գաղափարը նախագծի վերածելու համար անհրաժեշտ հմտությունների զարգացում,
- Գաղափարների միջթիմային մրցակցություն,
- Լավագույն երկու գաղափարների ընտրություն։
Հիշեցնենք, որ ինկուբացիոն փուլ անցած 5 գաղափարներից հաղթելու են երկուսը՝ հնարավորություն ստանալով մասնակցելու մրցույթի միջազգային փուլին։ Մրցույթի միջազգային փուլում հաղթելու դեպքում գաղափարի հեղինակները կստանան հավելյալ ֆինանսական աջակցություն՝ գաղափարը նախագծի վերածելու համար։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։