Մատենա միջազգային դպրոցը ազդարարեց ղեկավարների համար նախատեսված իր առաջին կրթական ծրագրերի մեկնարկը։ Մատենադարանի դահլիճում անցկացված միջոցառմանը ներկա էին ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ոլորտի ներկայացուցիչներ, քանի որ դպրոցը միտված է երկու ուղղությունների զարգացմանը՝ տարբեր կազմակերպություններում աշխատող թիմերի հմտությունների բարձրացման միջոցով:
«Մատենայի մեկնարկային 2 ծրագրերը բիզնեսի և համայնքների ղեկավարների համար են, դրանք իրականացվում են Սկոլկովո կառավարման դպրոցի հետ համատեղ և բացառիկ են իրենց բովանդակությամբ ու բաղադրիչներով: Ծրագրի ավարտին մասնակիցները կոնկրետ մշակված նախագծերով պետք է պատրաստ լինեն առաջնորդելու իրենց կազմակերպություններում կամ համայնքներում անհրաժեշտ փոփոխությունները: Սակայն, Մատենան չի սահմանափակվելու ղեկավարների կրթությամբ. մոտ ապագայում կրթական ծրագրեր կմշակվեն նաև հասարակության ավելի լայն շերտերի հետ: Դպրոցը հստակ նպատակ ունի դառնալու տարածաշրջանում առաջատար կրթական հաստատություններից մեկը և արդեն սկսել է համագործակցությունը համաշխարհային առաջատար բիզնես դպրոցների հետ, օրինակ, Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցի՝ ESMT-ի հետ, ղեկավարների կրթության ոլորտում աշխարհում լավագույնը համարվող շվեյցարական IMD-ի հետ (2-ն էլ ըստ Financial Times-ի) և այլն, որոնց հետ ապագայում կմշակվեն նոր համատեղ ծրագրեր»,-նշեց Մատենայի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։
«Այսօր տրվում է շատ հավակնոտ նախագծի ծրագրերի մեկնարկը, որոնք կարևոր դեր են խաղալու Հայաստանի զարգացման գործում։ 21-րդ դարում իրականացվում են լուրջ փոփոխություններ, որոնք, գուցե, դեռ չենք նկատում, բայց վստահ եմ՝ ավելի լավ կզգանք մոտ ապագայում։ Շատ ուրախ եմ, որ մեր ժամանակներում հարգանքը դեպի գիտելիք և կրթություն վերադառնում է։ Բոլորս ենք հասկանում, որ տեղի ունեցող փոփոխությունները և տեխնոլոգիաների զարգացումները պահանջում են այլ մոտեցումներ տարբեր ոլորտներ ղեկավարելու, հաղորդակցությունը ճիշտ կառուցելու համար:Համայնքների խոշորացումը ևս կառավարման շատ բարդ բանաձև է ստեղծել։ Համայնքային պաշտոնյաների համար մեկնարկող ծրագիրը մեծ օգնություն և փորձ է հաջողության հասնելու համար։ Պետությունը զարգանում է համայնքներով, համայնքների բնակիչները պետք է տեսնեն իրենց ապագան և հնարավորություն ունենան՝ իրականացնելու նախագծեր հենց իրենց համայնքում՝ չտեղափոխվելով Երևան կամ այլ երկիր։ Միայն համապատասխան մարդկային ռեսուրսների առկայությունը թույլ կտա իրականացնել լուրջ նախագծեր։ Պետք է կարողանալ շփվել աշխարհի հետ, նոր ներդրումներ ներգրավել։ Այդ ամենը հնարավորություն է տալիս իրավիճակ փոխել։ Միայն կրթության միջոցով կարելի է հաջողության հասնել, և մենք ցանկանում ենք ներդնել համաշխարհային լավագույն փորձը»,- իր խոսքում նշեց Մատենայի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
Մատենայի ակադեմիական տնօրեն Տիգրան Մնացականյանը իր հերթին ասաց. «Մատենայի ծրագրերին մասնակցությունը նպաստելու է ոչ միայն անհատի առաջնորդման կարողությունների զարգացմանը, այլև կազմակերպությունների և համայնքների փոխակերպմանը: Ընդ որում՝ ծրագրերում ներառված առանձնահատուկ բաղադրիչների շնորհիվ, երկարաժամկետ ազդեցությունից բացի, մասնակցության որոշ արդյունքներ նաև շոշափելի կդառնան օրերի ընթացքում»:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։