Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ ավարտում է իր պաշտոնավարումը ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնում՝ քննադատելով նախագահ Դոնալդ Թրամփի նոր բյուջետային օրինագիծը։
Մայիսի 29-ին Իլոն Մասկը իր սոցիալական ցանց X-ում (նախկինում՝ Twitter) հայտնել է, որ իր՝ որպես հատուկ պետական ծառայողի մանդատը ավարտվում է։ Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին՝ «անարդյունավետ ծախսերը կրճատելու հնարավորության» համար։
Մասկի հեռացման մասին հայտարարությունը հաջորդել է CBS-ին տված հարցազրույցին, որտեղ նա քննադատել է Թրամփի նոր բյուջետային օրինագիծը՝ այն անվանելով «մեծ ծախսերի մասին օրենք», որը կբերի դեֆիցիտի աճի և կխոչընդոտի DOGE-ի աշխատանքը։
Թրամփի առաջարկած փաթեթը ներառում է տրիլիոնավոր դոլարի հարկերի կրճատում և ԱՄՆ զինված ուժերի և ազգային անվտանգության ծախսերի կտրուկ ավելացում։ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի գնահատմամբ՝ օրինագիծը երկրի բյուջեի դեֆիցիտը կավելացնի ևս 3,8 տրիլիոն դոլարով:
DOGE-ի ղեկավարի պաշտոնում Մասկը նախաձեռնել է հազարավոր պետական ծառայողների կրճատում և մի շարք պետական ծրագրերի փակում։ Չնայած նրան, որ նա նպատակ ուներ կրճատել պետական ծախսերը 2 տրիլիոն դոլարից մինչև 1 տրիլիոն, փաստացի կրճատումը կազմել է մոտ 150 միլիարդ դոլար։
Մասկը նաև նշել է, որ բյուրոկրատիան ԱՄՆ-ում ավելի խորն է, քան նա պատկերացնում էր, ինչը խոչընդոտել է DOGE-ի նպատակների իրագործմանը։
Կարդացե՛ք նաև.