Արդյո՞ք արհեստական բանականությունն իսկապես կարող է փոխարինել տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց: Չնայած նման բազմաթիվ կանխատեսումներին, MIT-ի գիտնականների թիմի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դա այդքան էլ արագ տեղի չի ունենա:
Այս ուղղությամբ բազմաթիվ հետազոտություններ են արվել: Օրինակ, Goldman Sachs-ի գնահատականով՝ արհեստական բանականությունը կարող է առաջիկա մի քանի տարվա ընթացքում ավտոմատացնել աշխատանքների 25%-ը: McKinsey-ի պնդմամբ՝ AI-ը 2055 թվականին կկատարի ներկայիս մարդկային աշխատանքի մոտավորապես կեսը:
Բայց MIT-ի հետազոտողները այլ կերպ են մոտեցել հարցին: Նրանք փորձել են պարզել՝ ինչքանո՞վ են նեյրոցանցերը պատրաստ կատարել շատ հստակ առաջադրանքներ, և ինչքանո՞վ է բիզնեսների համար տնտեսապես արդյունավետ՝ մարդկային աշխատանքը փոխարինել արհեստական բանականությամբ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատանքների մեծ մասը, գոնե այս պահին, տնտեսապես դեռ ձեռնտու չէ փոխարինել արհեստական բանականությամբ: Ըստ հետազոտող Նեյլ Թոմսոնի՝ այս փոխակերպումը կարող է շատ ավելի դանդաղ ու սահուն ընթանալ, քան մենք սպասում էինք:
«Ինչպես բոլոր նմանատիպ հետազոտությունները, մեր աշխատանքը նույնպես ցույց է տալիս, որ արհեստական բանականությունը աշխատանքն ավտոմատացնելու մեծ ներուժ ունի: Բայց առայժմ այդքան էլ «գրավիչ» չէ ավտոմատացնել այդ առաջադրանքները»,-նշում է Թոմսոնը: Ըստ նրա, թեև այս պահին AI-ը հեշտությամբ լուծում է որոշակի խնդիրներ, բայց առանձին մասնագետների աշխատանքի ամբողջական շղթան փոխարինելու համար դեռ անհրաժեշտ է նեյրոցանցերի աշխատանքի մոդիֆիկացում և համապատասխան մոդելների մշակում:
Այս գործընթացը, ինչպես նաև AI տեխնոլոգիաների գնի նվազումը դեռ կարող է տարիներ, կամ գուցե տասնամյակներ պահանջել:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։