2024թ.-ի ապրիլ ամսվա դրությամբ Հայաստանում դոլարիզացիայի մակարդակը շարունակում է բարձր մնալ։
ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 33,4%, 2023 թ.-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ այն նվազել է 4 տոկոսային կետով, տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից։
Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) կազմել` 39,1%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ այն նվազել է 4,5 տոկոսային կետով:
ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 51,1%։
Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում (D4) նույնպես նվազել է 4,5 տոկոսային կետով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ՝ կազմելով 45․2%։
Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին (D5), այն կազմել է 31,3% և նվազել է 2․8 տոկոսային կետով:
Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են շատ միջոցներ ներգրավել արտերկրից, սակայն վերոնշյալ ցուցանիշներից հասկանալի է դառնում, որ արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով նրանք ձգտում են այդ միջոցները տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: