Այն, ինչ նախկինում տեսնում էինք Marvel-ի ֆիլմերում, այժմ քայլ առ քայլ դառնում է իրականություն։
Ճապոնիայում մի խումբ առաջատար տեխնոլոգիական կազմակերպություններ՝ ներառյալ Murata Manufacturing-ը, Վասեդայի համալսարանը, Tmsuk ընկերությունն ու Sre Holdings-ը, սկսել են համատեղ նախագիծ՝ ստեղծելու մարդանման ռոբոտ, որը կլինի ոչ միայն հսկա, այլև սուպերհերոսի պես հզոր։
Նրանց նպատակն է ստեղծել ռոբոտ, որն աղետների ժամանակ կարող է փոխարինել մարդուն՝ փլատակների տակ փնտրելով վիրավորներ, բարձրացնելով ավելի քան 100 կգ բեռներ և հեշտությամբ մանևրելով վտանգավոր տարածքներում։ Նախագծվող ռոբոտը կունենա մոտ 3 մետր բարձրություն, կշռելու է շուրջ 300 կգ և կկարողանա շարժվել մինչև 5 կմ/ժամ արագությամբ։
Tmsuk ընկերության ղեկավար Յոիչի Տակամոտոն շեշտել է, որ ուզում են ստեղծել ռոբոտ, որը մարդուց ուժեղ կլինի ու կկարողանա տեղաշարժել ծանր բեռներ։ Նախագիծը իրականացվում է բացառապես ճապոնական տեխնոլոգիաներով՝ առանց օտար բաղադրիչների ներգրավման։ Սա ոչ միայն տեխնոլոգիական անկախության քայլ է, այլև փորձ՝ վերականգնելու Ճապոնիայի երբեմնի առաջատար դիրքը ռոբոտաշինության ոլորտում։
Վասեդայի համալսարանը դեռ 1973-ին է ներկայացրել աշխարհի առաջին մարդանման երկոտանի ռոբոտը՝ WABOT-1-ը, իսկ հիմա նոր սերնդի ռոբոտ-փրկարարը պետք է խորհրդանշի երկրի վերադարձը բարձր տեխնոլոգիաների առաջին շարք։ Նախատեսվում է, որ առաջին պրոտոտիպը պատրաստ կլինի 2026 թվականին, իսկ սերիական արտադրությունը կմեկնարկի 2029-ին։