Ջերմուկ քաղաքը 2024 թվականի օգոստոսի 10-11-ին կհյուրընկալի Աստրոֆեստ փառատոնը՝ կապելով երկրաբնակներին տիեզերքի հետ: Փառատոնի կազմակերպիչներն են Space42-ը և Ջերմուկի Երիտասարդական կենտրոնը։
«Աստրոֆեստի» նպատակն է տիեզերքը «իջեցնել» Երկիր՝ միավորելով գիտությունը, մշակույթն ու աստղադիտումները և մասնակիցներին հնարավորություն տալ դրա մի մասը դառնալ։ Այն կներառի բազմազան զբաղմունքներ՝ նախատեսված տարբեր տարիքի մասնակիցների ներգրավելու և ոգեշնչելու համար։
Փառատոնի օրը պատահականորեն ընտրված չէ․ այն համընկնում է Պերսեիդների աստղաթափի և Նավասարդի հետ։
«Աստրոֆեստն» ուղղված է խթանելու աստղագիտության հանրայնացումը և միաժամանակ միավորելու գիտության ու մշակույթի սիրահարներին։ Շատ ուրախ ենք, որ այս տիեզերական օրն անցկացվելու է հենց Ջերմուկում, որը Հայաստանի հարուստ զբոսաշրջային կենտրոններից է և հայտնի է իր մաքուր օդով, տեղական յուրահատուկ մշակույթով և, իհարկե, հեռու է լուսային աղտոտվածությունից, ինչն այն իդեալական է դարձնում աստղադիտումների համար», — նշում է Space42 կազմակերպության համահիմնադիր-տնօրեն Վաչիկ Խաչատրյանը:
Փառատոնի մուտքն ազատ է․ ցանկացած անձ կարող է անվճար մասնակցել միջոցառմանը։
Առաջին օրը՝ օգոստոսի 10-ին, կանցկացվեն գիտական հանրամատչելի դասախոսություններ, հետաքրքիր ֆիզիկական փորձեր տարբեր տաղավարներում, վարպետաց դասեր, կլինեն երաժշտական հայտնի խմբերի կատարումներ, տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք։ Իսկ երեկոյան տեղի կունենան ամենասպասված իրադարձությունները՝ անմոռանալի աստղադիտումներ տարբեր հզորության ժամանակակից աստղադիտակներով և ամենակարևորը՝ Պերսեիդների աստղաթափի դիտում Ջերմուկի չքնաղ տեսարանների ներքո։
«Աստրոֆեստն» աննախադեպ է նաև իր հյուրերով։ Փառատոնի հատուկ հրավիրյալ բանախոսն է ֆրանսիական թվային աստղադիտակներ արտադրող Unistellar ընկերության համահիմնադիր և SETI այլմոլորակային կյանքի գիտական որոնումների ինստիտուտի գիտնական Ֆրենկ Մարչիսը, ով հայտնաբերել է բազմաթիվ աստղակերպեր և ունի իր իսկ անունով աստղակերպը։
Փառատոնը կատարյալ է գիտության սիրահարների, մշակույթի երկրպագուների, ընտանիքների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տիեզերքի հրաշքներով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: