Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների վարկային խնդիրները լուծելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) նախաձեռնել է ակտիվ քննարկումներ և համագործակցություն՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի և Կենտրոնական բանկի հետ։
Խոսքը հատկապես այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեության միջոցով վարկեր են ձևակերպվել, ինչի հետևանքով նրանք հայտնվել են ֆինանսական ծանր իրավիճակում։
Ըստ ՆԳՆ-ի հայտարարության՝ քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ կսառեցվեն համապատասխան պայմանագրի կնքմամբ մինչև քրեական վարույթի ավարտը։ Այդ ընթացքում տվյալ վարկերի գծով տոկոսներ չեն հաշվարկվի, իսկ մինչ այս որոշման կիրառումը կուտակված տոկոսները կզրոյացվեն, ինչպես նաև կվերացվեն ժամկետանցումները։ Կարևոր է, որ այդ քաղաքացիները չեն հայտնվի վարկային պատմության «սև ցուցակներում»։
Նախարարության տվյալներով՝ այս հանցագործությունների թիվը վերջին ամիսներին նվազում է։ Մասնավորապես, 2025 թվականի մարտին արձանագրվել է 85 դեպք, ապրիլին՝ 52, իսկ մայիսից մինչ օրս՝ 22 դեպք։
Այս դրական միտումը պայմանավորված է իրավապահ մարմինների և ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացված համատեղ կանխարգելիչ միջոցառումներով։ Հատկապես կարևորվում են լայնածավալ իրազեկիչ արշավները, որոնք ուղղված են քաղաքացիների տեղեկացվածության բարձրացմանը։
ՆԳՆ-ն կոչ է անում քաղաքացիներին լինել առավել զգոն, չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր որևէ մեկին, չանցնել անծանոթ հղումներով, ինչպես նաև չվստահել կասկածելի զանգերին ու սոցիալական էջերին։ Բանկերի անունից ստացած ցանկացած կասկածելի հաղորդագրության կամ զանգի դեպքում նախարարությունը խորհուրդ է տալիս անմիջապես կապ հաստատել բանկի հետ։