Հայաստանի տնտեսությունում զբոսաշրջությունը 2025 թվականի մայիսից գրանցել է պատմականորեն ամենաբարձր աճը։ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության զեկույցի համաձայն՝ այցելուների հոսքի կտրուկ աճին նպաստել է ոչ միայն Ռուսաստանի շուկայի վերականգնումը, այլև նոր՝ ոչ «ավանդական» երկրներից զբոսաշրջիկների ներգրավումը։ Սա էապես խթանել է ծառայությունների ոլորտը և դարձել տնտեսության ակտիվացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։
Զեկույցում ընդգծվում է, որ զբոսաշրջային աճը նաև գնաճային ճնշումներ է ստեղծում արտաքին պահանջարկի նկատմամբ զգայուն ծառայությունների՝ հյուրանոցների, ռեստորանների և տրանսպորտի ոլորտներում։ Միևնույն ժամանակ՝ ԿԲ-ն գնահատում է, որ գնաճային սպասումները շարունակում են մնալ թիրախային մակարդակի շուրջ, ինչը թույլ է տալիս պահպանել գների կայունություն։
Մակրոտնտեսական հեռանկարի վրա դրական ազդեցություն ունի նաև միջազգային ներդրողների գնահատականը։ ԿԲ-ի տվյալներով՝ վերջին ամիսներին երկրի ռիսկայնության ցուցանիշները նվազել են՝ պայմանավորված տնտեսական կայունությամբ և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ռիսկերի մեղմացմամբ։ Սա հնարավորություն է տալիս դիտարկել չեզոք տոկոսադրույքի նվազման հեռանկար, ինչը կարող է նպաստել ավելի մատչելի վարկավորման միջավայրի ձևավորմանը։
Աշխատանքային շուկայում էլ նկատվում է կայունացում։ Գործազրկության մակարդակը պահպանվում է երկարաժամկետ հավասարակշռված ցուցանիշների շուրջ, իսկ մասնավոր անվանական աշխատավարձերը երկրորդ եռամսյակում աճել են 5.6%–ով։ ԿԲ-ն շեշտում է, որ աշխատաշուկայում ստվերի աստիճանական կրճատումը վկայում է տնտեսության կառուցվածքային առողջացման մասին։