Հայաստանում առաջին անգամ մասնավոր առևտրային ընկերությանը շնորհվել է տիեզերական գործունեություն իրականացնելու արտոնագիր: ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության կողմից նման լիցենզիա է ստացել Kartes Analytica ՓԲԸ-ն, որը զբաղվում է երկրատարածական հետազոտություններով:
Kartes Analytica-ն զբաղվում է տվյալահեն պրոդուկտների և իր երկրատարածական վերլուծական հարթակի միջոցով կիրառելի եզրահանգումների մշակմամբ: Լիցենզիան ընկերությանը թույլ կտա ընդլայնել դեպի տիեզերք և տիեզերքից Երկիր հաղորդակցության իր կարողությունները, խորացնել իր փորձառությունը և տեխնոլոգիական գերազանցությունը՝ բեկումնային լուծումներ մշակելու համար:
«Եթե դուք ձգտում եք երկարատև ազդեցություն թողնել, այժմ ժամանակն է քայլ անել և համագործակցել: Կոչ ենք անում մեր տեսլականը կիսող բոլոր գործընկերներին մասնավոր հատվածից, ստարտափ էկոհամակարգից, գիտակրթական համայնքից և միջազգային տիեզերական էկոհամակարգից համագործակցել մեզ հետ բեկումնային ռազմավարություններ և տեխնոլոգիաներ մշակելու գործում, որոնք կվերափոխեն մեր ազգային եւ տարածաշրջանային տիեզերական արդյունաբերությունը»,- ասել է Kartes Analytica-ի գործադիր տնօրեն Բաբկեն Տեր-Գրիգորյանը:
«Kartes Analytica-ին տիեզերական գործունեության լիցենզիա տրամադրելը բեկումնային պահ է Հայաստանի տիեզերական արդյունաբերության զարգացման մեջ: Մասնավոր ընկերություններին հնարավորություն տալով ակտիվորեն ներգրավվել տիեզերական գործունեության մեջ՝ մենք խթանում ենք նորարարությունը, ներգրավում ներդրումներ և ստեղծում նոր հնարավորություններ տնտեսական աճի համար»,- ասել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
2022թ. հիմնադրված Kartes Analytica-ն երկրաատարածական ենթակառուցվածքների և վերլուծական ընկերություն է, որը գրասենյակներ ունի Հայաստանում ու ԱՄՆ-ում։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: