Կանադայում Neuralink-ին թույլ են տվել չիպ տեղադրել մարդու ուղեղում

Վերջին լուրերը
Կանադայում Neuralink-ին թույլ են տվել չիպ տեղադրել մարդու ուղեղում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկի հիմնադրած Neuralink ընկերությունն ԱՄՆ-ում արդեն հաջողությամբ փորձարկել է երկու հիվանդի ուղեղում իմպլանտի տեղադրումը, իսկ այս շաբաթ հայտարարել է, որ ստացել է Կանադայի առողջապահական մարմինների թույլտվությունը: Ընկերության ղեկավարը հայտնել է, որ սկսվել են ուղեղի իմպլանտի փորձարկման թեկնածուների որոնումները։

Ըստ Bloomberg-ի՝ Կանադայում Neuralink ուղեղի իմպլանտի առաջին կլինիկական փորձարկումներն իրականացնելու իրավունքը բաժին է ընկել Տորոնտոյի University Health Network համալիրին։ Կողմերը, սակայն, չեն նշում, թե կոնկրետ երբ կիրականացվի նման փորձարկում Կանադայում։ Փորձարկման համար կամավորներ կհավաքագրվեն այն հիվանդներից, ովքեր կորցրել են չորս վերջույթների շարժունակությունը ամիոտրոֆիկ կողային սկլերոզի (ALS) հետևանքով, որը նաև հայտնի է որպես Շարկոյի հիվանդություն կամ Լու Գերիգի հիվանդություն՝ անգլիախոս երկրներում: Այն պացիենտները, ովքեր կորցրել են չորս վերջույթների շարժունակությունը ողնուղեղի վնասվածքի հետևանքով, նույնպես կարող են մասնակցել կլինիկական փորձարկումներին:

Հատկանշական է, որ Neuralink-ը Մեծ Բրիտանիայում արդեն մի քանի ամիս կամավորներ է հավաքագրում ուղեղի իմպլանտ տեղադրելու համար, սակայն կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար համապատասխան պայմաններ դեռ ստեղծված չեն։ Neuralink իմպլանտներն իրենց ներկայիս տեսքով թույլ են տալիս վերջույթների շարժունակությունը կորցրած հիվանդներին կառավարել համակարգչային կուրսորը, իսկ ապագայում՝ բիոնիկ պրոթեզները, սեփական վերջույթները կամ էկզոկմախքը: Մասկը նաև հույս ունի ստեղծել սարքեր, որոնք կվերականգնեն մարդկանց տեսողությունը, ինչպես նաև կբարձրացնեն առողջ մարդկանց հասանելի «հիշողության հզորությունը»: Neuralink-ն այս տարի հաջողությամբ իրականացրել է իր առաջին փորձերը կամավորների վրա ԱՄՆ-ում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները