Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2025 թվականի հունվար ամսվա առևտրային ցուցանիշները։
Հունվարին պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 44.5 մլրդ ՀՀ դրամ։ Երկրորդային շուկայում պետական պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը հասել է 19.5 մլրդ ՀՀ դրամի, ինչը 113%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս շուկայում կնքվել է 82 գործարք։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկան շարունակել է աճի դինամիկան։ Հունվար ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20%-ով՝ հասնելով 600 մլրդ ՀՀ դրամի։ Կորպորատիվ պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 11 մլրդ դրամ, ինչը 297%-ով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից։ Բորսայում կնքվել է 614 գործարք, իսկ շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 151։
Հաշվետու ամիսը ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 5.9 մլրդ դրամ, ինչը 88%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ընդհանուր կնքվել է 51 ռեպո գործարք։
Հունվարին բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է 175 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 442 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ առևտրի ծավալը աճել է 64.6%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 36.6%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 122 գործարք։