Հոկտեմբերի 7-11-ը Երևանում տեղի ունեցավ Միջազգային CMC համաժողովը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի կարևորագույն միջոցառումներից մեկը։ Համաժողովին մասնակցեցին ավելի քան 150 մասնագետ շուրջ 30 երկրներից՝ քննարկելու ոլորտի նորարարությունները և զարգացման ուղղությունները։
Համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց արհեստական բանականության, թվայնացման և կայուն զարգացման թեմաներին։
Համաժողովի պանելային քննարկումներն անդրադարձան ապագայի աշխատաշուկայի դինամիկային, արհեստական բանականության ազդեցությանը արդյունաբերության վերափոխման գործընթացում և թվային միջավայրում բիզնեսների առջև ծառացած մարտահրավերներին՝ կարևորելով նորարարական գործիքների կիրառումը փոփոխվող աշխարհում:
Համաժողովի տեխնոլոգիական գործընկեր Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ ունեցավ «Տեխնոլոգիական առաջընթացը և կայուն շրջակա միջավայրը» թեմայով։
Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Կոնստանտինուս» միջազգային մրցանակաբաշխությունը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկարը»։ Մրցանակներ շնորհվեցին 9 երկրներից ներկայացված նախագծերի։ Այս տարի առաջին անգամ մասնակցում էին նաև հայկական ընկերություններ ու նախաձեռնություններ։
Հայաստանի ազգային հաղթող ճանաչվեց «Հայաստանում օրգանական պարարտանյութերի ոլորտի գնահատում և աջակցություն ՀՀ կառավարությանը» նախագիծը։
Համաժողովին ելույթներով հանդես եկան միջազգային փորձագետներ, այդ թվում՝ ITC-ի Առևտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը, ամերիկացի գործարար Դեյվիդ Յանգը և McKinsey կորպորացիայի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը։
2024 թվականի համաժողովը կրում էր «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագիրը և կազմակերպվել էր Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի կողմից։