Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին հայտարարել է սոցցանցում վճարովի բաժանորդագրության հնարավորության ավելացման մասին։
Վճարովի բաժանորդագրությունը թույլ կտա դիտել մյուսների համար փակ հրապարակումները, սթորիներն ու ուղիղ եթերները, հասանելիություն կտա բլոգերի հետ խմբակային զրույցներին։
Բլոգերների պրոֆիլներում կհայտնվի «subscriber home» առանձին պատուհան, որտեղ «վճարովի հետևորդները» կկարողանան ֆիլտրել միայն իրենց հասանելի նկարներն ու սթորիները։
Վճարովի բաժանորդագրությունը կտատանվի 0.99-99.99 ԱՄՆ դոլարի սահմաններում։
Բացի այդ, վճարովի հետևորդների պրոֆիլները կստանան հատուկ մանուշակագույն նշան, որը ցույց կտա իրենց աջակցությունը բլոգերներին:
Մոսերիի խոսքով՝ հարթակը ձգտում է դառնալ «հեղինակների համար գումար աշխատելու լավագույն վայրը համացանցում»։ Նա նաև նշել է, որ որոշ բլոգերներ արդեն հասցրել են փորձարկել նոր գործառույթը։