Պատերազմական իրավիճակից ստացված շոկ, բացասական նորություններ, ընկերների ու ընտանիքի անդամների մոբիլիզացիա, մտքեր ներկայի ու ապագայի վերաբերյալ, ապա և անքնություն, տագնապ ու սթրես. պատերազմական երկրում ապրելը, անկեղծ լինենք, հեշտ բան չէ:
Նման լարված իրավիճակում ապրելը ազդում է կյանքի բոլոր ոլորտների վրա, որոնց թվում է նաև ամենակարևոր բաղկացուցիչներից մեկը՝ աշխատանքը:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում սահմանային իրավիճակի վատթարացման դեպքում աշխատունակության փոփոխությունների մասին՝ կազմակերպության վերափոխման քոուչ Արմինե Մկրտչյանի գիտական հետազոտության ամենահետաքրքիր ու կարևոր կետերը:
Հետազոտության համար նախատեսված հարցումն իրականացվել է մոտ 600 մարդկանց շրջանում:
Ի՞նչ գործոններ են ազդում աշխատունակության անկման վրա
Ըստ գիտական հետազոտության արդյունքների՝ ամեն անգամ, երբ սահմանին լարվածություն է ծագում, աշխատունակության անկում ունենում է աշխատակիցների 44,4%-ը:
Աշխատունակության անկման վրա ազդում են ամենատարբեր գործոններ, որոնք կարելի է առանձնացնել հետևյալ խմբերով՝
- ժամանակի ընթացքում մարդու մոտ անորոշության, անհանգստության և լարվածության զգացողությունների ավելացումը,
- բացասական նորություններով լի լրահոսին հետևելը:
Ինչպե՞ս է կապված աշխատունակության անկումը ժողովրդագրության հետ
Հետազոտությունը ցույց է տվել, որ սահմանին լարված իրավիճակի դեպքում աշխատունակության անկում նկատվում է բոլոր սեռերի մոտ: Չկա նաև տեսանելի տարբերություն, թե որ տարիքի մարդկանց մոտ է նկատվում աշխատունակության վատթարացում: Չկա նաև աշխատունակության անկման դեպքում տարբերություն. կա՞ ընտանիքում տղա երեխա կամ ընտանիքում զորակոչման ենթակա տղամարդ:
Հետազոտության տվյալներով՝ աշխատունակությունը համեմատաբար կայուն է այն մարդկանց մոտ, ովքեր ամուսնացած են և երեխաներ չունեն:
Աշխատունակության վատթարացումը՝ ըստ մարզերի և զբաղվածության ոլորտի
Երբ սահմանին լարվածություն է դիտվում, աշխատունակության անկումն ամենից արտահայտված է Արցախում, Գեղարքունիքում և Երևանում, իսկ համեմատաբար կայուն՝ Լոռիում, Շիրակում և Տավուշում:
Ըստ զբաղվածության ոլորտների՝ ամենից շատ աշխատունակության անկում նկատվում է կրթության, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Իսկ կայունություն դիտարկվում է ֆինանսերի, բանկերի աշխատանքի և առևտրի ոլորտներում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: