Ինչպե՞ս «լեզու գտնել» Telegram-ի հետ

Ունենա՞լ Telegram, թե՞ ոչ: Այս է խնդիրը:

Եթե Շեքսպիրն ապրեր 2020-ականներին, հավատացե՛ք, իր կենսական հարցերը լիովին այլ կլինեին: Սոնետները կգրվեին ստատուսների տեսքով, նամակներն էլ՝ հաղորդագրությունների: Իսկ մեսենջերներում ու սոցիալական մեդիայում «լինել-չլինելու» հարցը պարզապես չէր քննարկվի:

Եվ վայրը, որտեղ Շեքսպիրի հնարավորություններն առավելագույնը կլինեին, կստացվեր Telegram-ը: Նա կունենար իր ալիքը, որտեղ կզբաղվեր անձնական բրենդի առաջխաղացմամբ, գործընկերների հետ չատեր, ձայնային ու «կլոր» հաղորդագրություններ կուղարկեր և ոչ միայն:

- Advertisement -
Ինչպե՞ս «լեզու գտնել» Telegram-ի հետ

Լինե՞լ, թե՞ չլինել Telegram-ում, ինչպե՞ս այն օգտագործել ձեր բիզնեսի և ձեր անձնային աճի համար: Կդիտարկենք այս հոդվածում:

Pixar Movie GIF by Walt Disney Studios - Find & Share on GIPHY

Տելեգրամյան նախապատմություն

Անունը՝ Տելեգրամ, ազգանունը՝ Դուրով (ստեղծող եղբայրների՝ Նիկիտայի և Պավելի ազգանվամբ), ծննդյան տարեթիվը՝ 2013:

Ոմանք Պավել Դուրովին հանճար են համարում, ուրիշներն էլ ամենատարբեր մեղադրանքները ներկայացնում: Իսկ մինչ այդ՝ նա փորձում է հիշվել պատմության մեջ իր գիտելիքների և փորձի շնորհիվ:

2006-ին Դուրովը ստեղծեց իր առաջին սոցիալական մեդիան՝ «VKontakte»-ն: Բայց Telegram-ը ստեղծելուց ընդամենը մեկ ամիս առաջ նրա և «VKontakte»-ի երկու այլ համահիմնադիրների վիճաբանություն տեղի ունեցավ. Պավելն իմացել էր, որ իր գործընկերները փորձել էին վաճառել բաժնետոմսերն իր մեջքի հետևում: Իմանալուց հետո նա բարկացել էր և ջնջել նրանց էջերը 😀

Բարդ է ասել՝ ինչն է, ի վերջո, նրան դրդել Telegram-ը ստեղծելուն. քաղաքականությունն ու երկրի իշխանությու՞նը, թե՞ գիտակցումը, որ բոլոր բաժնետոմսերի միայն 12 %-ն էր իրեն պատկանում, իսկ մնացածը ներդրողներին էր:

ՏՏ ամենապահանջված հմտություններն ու ամենաակտիվ գործատուները Հայաստանում

Ի՞նչ է առաջարկում Telegram-ը

Ինչ պատճառ էլ որ ունենար Դուրովը, նա կարողացել է ստեղծել հարթակ, որը գնալով է՛լ ավելի մեծ լսարան է ներգրավում ու, երևի թե, որպես երախտագիտություն՝ գործիքների է՛լ ավելի մեծ պնակ տրամադրում:

Վիճակագրությունից՝

  • 2022-ի հոկտեմբերի դրությամբ՝ 700 մլն օգտատեր:
  • Միջինում օգտատերը ամսական 3 ժամ է անցկացնում հավելվածում:
  • 2022-ին բեռնված հավելվածների թոփ հնգյակում է:
  • Telegram-ի օգտատերերը կազմում են աշխարհի բնակչության 8.7%-ը:

Ի՞նչ է առաջարկում Telegramը. մեսենջեր, ալիքներ ու խմբային չաթեր ունենալու, վիդեո, աուդիո և տեքստային հաղորդագրություններ ուղարկելու, մեծ չափ ունեցող ֆայլեր միմյանց փոխանցելու և տեղադրելու, սեփական բոտերն ու սթիքերները ստեղծելու և կիսվելու հնարավորություն: Եվ սա դեռ ընդամենը հնարավորությունների 1%-ը:

Pixar Movie GIF by Walt Disney Studios - Find & Share on GIPHY

Telegram-ը՝ որպես բիզնեսի առաջխաղացման գործիք

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում Telegram-ը գնալով է՛լ ավելի մեծ թափ է հավաքում: Սկսած նորություններից և վերջացրած բիզնեսով՝ բոլորն այնտեղ են:

Telegram-ի՝ որպես բիզնեսի առաջխաղացման գործիքի մասին զրուցել ենք թվային մարքեթինգի մասնագետ, Call to Action թվային մարքեթինգային ընկերության հիմնադիր Տիգրան Մատինյանի հետ, ում Տելեգրամյան ալիքն այստեղ է:

Ինչպե՞ս «լեզու գտնել» Telegram-ի հետ

Տիգրան Մատինյան

  • Թվային մարքեթինգի մասնագետ
  • “Call to Action” մարքեթինգային ընկերության հիմնադիր

Բիզնեսի առաջխաղացումը Telegram-ում կարող է ոչ միայն դրական արդյունք տալ, այլ նաև կանգնեցնել խնդիրների առաջ: Եվ այն հարցին, թե ինչի՞ց խուսափել Telegram-ում բիզնեսի առաջխաղացման ժամանակ, Տիգրանը պատասխանում է.

Սխալների մասին

«Այս սխալը հանդիպում է ոչ միայն Տելեգրամում, այլև մյուս սոց․ցանցերում աշխատելիս։ Խոսքն այն մասին է, որ հաճախ որևէ հարթակում առաջխաղացումն իրականացնելիս հաշվի չեն առնվում այդ հարթակի առանձնահատկություններն ու յուրահատկությունները։

Նկատել եմ դեպքեր, որ Ինստագրամի հրապարակումը նույնությամբ հրապարակում են Տելեգրամում։ Այս մոտեցումը սխալ է․ պետք է հաշվի առնել, որ Տելեգրամից օգտվող լսարանը տարբերվում է ինչպես հետաքրքրություններով, այնպես էլ վարքագծով։ Այստեղ լսարանը ակնկալում է առավելապես տեքստային բովանդակություն։

Սա իհարկե չի նշանակում, թե պետք է հրաժարվել վիզուալ քոնթենթից Տելեգրամում, սակայն ի տարբերություն Ինստագրամի, այստեղ տեքստային բովանդակության կարևորությունը շատ ավելի մեծ է։

Սխալներից կառանձացնեմ նաև այն, որ հաճախ բիզնեսները հաշվի չեն առնում, որ Տելեգրամը դասական սոց․ ցանց չէ։ Այստեղ չկա ընդհանուր լրահոս և ալգորիթմ, որը կֆիլտրի այն։ Գրառում կատարելով՝ մենք նամակ ենք ուղարկում յուրաքանչյուրին, ով բաժանորդագրվել է։ Հետևաբար բիզնես ալիքը պետք է ԻՐԱՊԵՍ օգտակար լինի, որպեսզի լսարանը շարունակի մնալ բաժանորդագրված և չանջատի ծանուցումները»։

Հաճախորդների հետ հարաբերությունների մասին

Տելեգրամը բիզնեսի համար օգտակար գործիք է ոչ միայն բրենդի ներկայացման համար, այլ նաև հաճախորդների հետ ճիշտ հարաբերություններ ձևավորելու և դրանց շարունակականությունը ապահովելու համար: Չէ՞ որ ինչքան հեշտ հաճախորդը կարողանա կապ հաստատել բրենդի հետ, այնքան մեծ են հետագա համագործակցության շանսերը:

Եվ հաճախորդների հետ հարաբերությունների հեշտացման տեսանկյունից Տիգրանը նշում է բոտերի անհրաժեշտությունը, որոնց «իրապես հաջողված օրինակներ գրեթե չկան» Հայաստանում, սակայն Տելեգրամի՝ քիչ թվով սահմանափակումները լայն հնարավորություններ են ստեղծում արդյունավետ
աշխատող կոմունիկացիոն բոտ ստեղծելու համար:

Չափելիության մասին

Եթե ունես բիզնես, ուրեմն պետք է չափես ամեն ինչ: Բացարձակապես ամեն ինչ: Լինի դա ֆինանսներում, թե սոցիալական մեդիայում: Եվ CTA-ի հիմնադիրը խորհուրդ է տալիս կիրառել Տելեգրամի վիճակագրությանը TGStat հարթակի օգնությամբ, «որն ունի բավականին արդյունավետ, անվճար գործիքներ ալքների և խմբերի վիճակագրությանը հետևելու համար»։ Իհարկե ոչ միայն հետևել վիճակագրությանը, այլ նաև սահմանել հստակ չափելի նպատակներ: Սա էլ գլխավոր խորհուրդը, որ կհեշտացնի Տելեգրամի հետ աշխատանքը:

Ինչպե՞ս չափել մարքեթինգը․ ոչ միայն փողով, այլ նաև KPI-ներով

Telegram-ը Հայաստանում կամ Հայաստանը Telegram-ում

Ինչպե՞ս խոսել Telegram-ում Հայաստանի բնակչության ներգրավվածության մասին և չանդրադառնալ Տիգրան Մատինյանի «Telegram-ի հայաստանյան լսարանի ուսումնասիրությանը» ևս: Վերջինիս մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Իսկ Տիգրանը որպես Տելեգրամում հետաքրքիր ալիք ունեցող հայկական կազմակերպություն՝ նշում է ID Bank-ին՝ նշելով բանկի ալիքի օգտակարությունը: ID Bank-ը, ի դեպ, միակ չէ այդ գործում: Հայկական այլ բանկեր ևս փորձում են օգտակար կոնտենտով հաճախորդ ներգրավել հենց Telegram-ում: Բանկերին են ընկերակցում այլ ծանոթ ու անծանոթ բրենդներ ու բիզնեսներ: Եվ համոզված ենք, որ հետագայում նրանց թիվը միայն աճելու է:

Գովազդային պատերազմները հայկական շուկայում

Ինչպե՞ս «լեզու գտնել» Telegram-ի հետ՝ ըստ Տիգրանի

Զրույցի վերջում Տիգրանը նշեց մի քանի ունիվերսալ խորհուրդ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են «լեզու գտնել» Telegram-ի հետ.

  • հաշվի առնել հարթակի առանձնահատկությունները,
  • կիսվել օգտակար տեղեկատվությամբ,
  • կիսվել յուրահատուկ բովանդակությամբ, որին հասանելիություն ստանալու համար մարդիկ պատրաստ լինեն բաժանորդագրվել,
  • համագործակցել այլ ալիքների հետ,
  • լինել համբերատար և հետևողական․ Տելեգրամում առաջխաղացումը ժամանակի մեծ ներդրում է պահանջում, սակայն հաջողելու դեպքում արդյունքը ևս երկարաժամկետ է լինում։
Pixar Movie GIF by Walt Disney Studios - Find & Share on GIPHY

Telegram-ը՝ որպես անձնային առաջխաղացման գործիք

Ինչ-որ մեկը կիսվում է իր մտքերով, մեկ ուրիշը պատմում սեփական կյանքի ու աշխատանքի մասին, երրորդը՝ զվարճացնում հետևորդներին, մյուսներն էլ՝ վաճառում սեփական ունակություններն ու ծառայությունները:

Եվ որքան շատ են դառնում սոցիալական հարթակները, այնքան էլ մեծ է դառնում դրանց ընտրության և այնտեղ հայտնվելու հնարավորությունները: Telegram-ն էլ բացառություն չէ ինֆլյուենսերների, մասնագետների և ուղղակի սեփական բրենդը այդ հարթակով առաջխաղացնել ցանկացողների համար:

Ահա մի քանի քայլ՝ անձնային բրենդը Telegram-ում արդյունավետ կերպով վարելու վերաբերյալ.

  1. Առաջինն ու ամենատրամաբանականը. ստեղծե՛ք ալիք: Telegram-ը հնարավորություն է տալիս ալիքներում կիսվել կոնտենտի հնարավոր բոլոր տեսակներով՝ գրառումներ, հոլովակներ ու փոդքասթներ: Կիսվե՛ք գաղափարներով, մտքերով ու նկարներով, հոլովակներով ու gif-երով:
  2. Կառուցե՛ք համայնք: Գաղափարակից մարդիկ խմբերի միջոցով կարող են համախմբվել մեկ մտքի շուրջ, հարթակն էլ կտրամադրի բոլոր անհրաժեշտ գործիքները:
  3. Նորին մեծություն նեթվորքինգ: Մեկ ոլորտի մասնագետները կարող են միմյանց հետ ծանոթանալ, մասնագիտական քննարկումներ և ոչ միայն: Ինչպես, օրինակ, թվային մարքեթինգի գրեթե 500 հայ մասնագետներն անում են դա Digital Marketing Forum խմբում:
  4. Ներկայացրե՛ք Ձեր ունակությունները: Եթե ինֆլյուենսեր եք, կիսվել լայֆսթայլ կոնտենտով: Եթե որևէ ոլորտրի մասնագետ եք, կիսվել երկար կամ կարճ գրառումներով, սեփական աշխատանքներով ու հոլովակներով: Կիսվել ձայնային մեգաերկար հաղորդագրություններով ու փոդքասթներով: Շարքն անվերջ կարելի է շարունակել:

Հստակ պլան, ամենօրյա աշխատանք և որակյալ կոնտենտ. Ձեր անձնական բրենդի՝ Տելեգրամում զարգացման գլխավոր գրավականը:

Pixar Movie GIF by Walt Disney Studios - Find & Share on GIPHY

Զգուշացե՛ք, Telegram-ն է

Որքան էլ խոսենք Telegram-ի դրական կողմերի մասին, անհրաժեշտ է նշել նաև բացասականի մասին: Եվ այսպես, զգուշացե՛ք, Telegram-ն է.

  1. Անվտանգություն. Որքան էլ Պավել Դուրովը որպես ընկերության առաքելություն սահմանի յուրաքնաչյուր օգատտիրոջ անվտանգությունը, այնուամենայնիվ որոշ փորձագետներ կարծում են, որ հավելվածի անվտանգությունն իր լավագույն «արժանիքը» չէ:
  2. Ապատեղեկատվության տարածում. Telegram-ում կարելի է տարածել գրեթե ցանկացած տեղեկատվություն, ինչը, իհարկե, կարող է ունենալ իր բացասական հետևանքները: Չէ՞ որ մարդիկ տարբեր են, նրանց տարածած տեղեկատվությունը՝ ևս:
  3. Անպատշաճ կոնտենտ. Telegram-ը հայտնի է չափահասների համար ստեղծված կոնտենտի, ատելության խոսքի և ծայրահեղական նյութերի մեծ քանակի տարածմամբ: Եվ այդ կոնտենտին հասանելիություն կարող են ունենալ նաև երեխաները: Հարթակն այդ տեսանկյունից պաշտպանված չէ և նույնիսկ վտանգավոր որոշ մարդկանց համար: Ի դեպ, Հայաստանում ևս նման կոնտենտ առկա է՝ հոլովակների և լուսանկարների ոչ օրինական տարածումից մինչև հոգեմետ նյութերի վաճառք:
  4. Խարդախություն և ֆիշինգ. Telegram-ը հաճախ օգտագործվում է որպես ֆիշինգի ամենատարբեր տեսակների գործիք՝ մարդկանցից անձնական տեղեկատվություն «խլելու» կամ գումար հափշտակելու համար:

Տելեգրամյան հնարավորությունները՝ անկախ բացասական կամ դրական լինելուց, չափազանց մեծ են, շատ ու հետաքրքիր: Իսկ ընտրությունը օգտագործել այս հարթակը՝ հօգուտ Ձեր բրենդի, թե ոչ, Ձերը:

Մինչ այդ էլ՝ խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել How2B-ի Տելեգրամյան ալիքին ևս` ամենահետաքրքիր հոդվածները և արդիական նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև՝

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ինչպե՞ս «լեզու գտնել» Telegram-ի հետ

Վերջին նորությունները

Ինչպե՞ս «լեզու գտնել» Telegram-ի հետ
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։