Մեծամիտ ու հորինված իրականությու՞ն, թե՞ բացառիկ ու բանիմաց մասնագետների հավաքատեղի։
Եթե Դուք էլ եք գոնե մեկ անգամ այցելել LinkedIn ու տվել այս հարցը, ի վերջո չհասկացել՝ ինչ է այն ու ինչպես է այն աշխատում, ուրեմն այս հոդվածը Ձեզ համար է։
Ի՞նչ է LinkedIn-ը
Եթե մի քանի տարի առաջ տարբեր ոլորտի մասնագետներ ծանոթանալիս փոխանակվում էին էլեկտրոնային հասցեներով, ապա՝ Ֆեյսբուքյան, հետո էլ՝ Ինստագրամյան էջերի օգտանուններով, այժմ հերթը LinkedIn-ինն է։ Ու հետաքրքիր է, որ այս հարթակի տարածումը ոչ միայն համաշխարհային, այլ նաև լոկալ՝ հայաստանյան բնույթ է կրում։ Հայկական LinkedIn-յան համայնք՝ իր ներքին խնդիրներով, հարցուպատասխաններով և իրական լուծումներով։
Մի քիչ պատմական ակնարկ
Թողարկման ամսաթիվ | Մայիսի 5, 2003 |
Ստեղծման վայր | Սանիվեյլ, Կալիֆորնիա |
Մարդիկ | Ռայան Ռոսլանսկի (CEO), Ջեֆ Ուեյներ (գործադիր տնօրեն), Ռեյդ Հոֆման (հիմնադիր) |
Պատկանում է | Մայքրոսոֆթին |
Ոլորտը | Մասնագիտական հարաբերություններ |
Փորձելով կարճ ձևակերպել LinkedIn-ի գործունեությունը՝ կստանանք․
ԼինքդԻնը սոցիալական ցանց է գործնական շփման, աշխատակիցներ գտնելու և աշխատանք որոնելու համար։
Իսկ եթե առավել երկար պատմենք, կստացվի, որ 2003 թվականին հիմնված այս հարթակը նեթվորքի, մասնագիտական ու գործնական հարաբերություններ հաստատելու, կարիերա ստեղծելու, զարգացնելու ու ներկայացնելու, աշխատատեղեր ստեղծելու, կազմակերպությունների՝ HR բրենդ մշակելու, նոր հաճախորդներ ձեռք բերելու ու գործընկերների հետ նորովի հարաբերություններ կայացնելու միջավայր է։
Այս հարթակի օգնությամբ կազմակերպությունները կամ դրանց HR մասնագետները/թիմերը գտնում են նոր աշխատողների, ներկայացնում իրենց կազմակերպության թիմային դեմքը, պատմում նորամուծությունների մասին, իսկ մասնագետներն էլ ներկայացնում են իրենց աշխատանքային պատմությունը, փոխանակվում մասնագիտական փորձով ու տարատեսակ գաղափարներով։ Շահում են բոլորը։
Թվում է՝ ամեն ինչ կատարյալ է աշխատանքային հարաբերությունների բոլոր կողմերի համար․
- ով փնտրում է, գտնում է,
- ով փորձում է ներկայանալ, հաղթում է,
- ով ոչինչ չի անում, նա էլ մնում է կոտրած տախտակի առաջ։
Մի՞թե։ Փորձենք հասկանալ։
Մարքեթինգ LinkedIn-ում կամ LinkedIn-յան մարքեթինգ
Մարդիկ, որոնք օգտագործում են LinkedIn-ը ուղղակի «ունենալու» համար, բավականին մեծ թիվ են կազմում։ Նրանք ուղղակի «ունենալու» համար կիրառում են նաև մնացյալ այլ հարթակները ևս։ Սակայն մեծ թիվ են կազմում այն մասնագետները, ովքեր փորձում են ստեղծել իրենց անձնական բրենդը LinkedIn-ի օգնությամբ։ Նույնկերպ և բիզնեսները։ Որոշները ներկայություն են ապահովում, մյուսներն էլ՝ օգտվում LinkedIn-յան անարգել ու արգելված պտուղներից։
Եվ թե՛ բիզնեսի, թե՛ անձնական բրենդների տեսանկյունից կիրառվում է «LinkedIn—յան մարքեթինգ» արտահայտությունը։ 810 միլիոն օգտատեր ունեցող հարթակը, անկեղծ լինենք, չէր կարող չդառնալ սոցիալական մեդիայի մասնագետների թիրախը։ Այնպես չէ՞։
Եթե փորձենք LinkedIn-յան մարքեթինգը բաժանել երկու մեծ մասերի, կստացվի՝
- անձնական բրենդի առաջխաղացում,
- կազմակերպության/բրենդի առաջխաղացում:
Ներքևում կուսումնասիրենք երկու տարբերակներն էլ: Սակայն եկեք հասկանանք՝ ինչի՞ համար է այդ ամենը: Անկեղծ լինենք, մարքեթինգը նույնն է ամենուր, տարբեր են մոտեցումներն ու յուրաքանչյուր հարթակին բնորոշ առանձնահատկությունները:
LinkedIn-ն օգտագործում են լիդեր գեներացնելու (լիդ՝ պոտենցիալ հաճախորդ), նոր գործընկերներ ձեռք բերելու, սեփական անձի առաջխաղացումն ապահովելու, բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու և կայքի դիտումները ավելացնելու համար: Այս շարքը, իհարկե, շարունակելի է:
Ինչպե՞ս չափել մարքեթինգը LinkedIn-ում և սոցիալական մեդիայի այլ հարթակներում. կարդացե՛ք այս հոդվածում:
Ինչպե՞ս առաջխաղացնել բրենդը LinkedIn-ում
Սկսենք բրենդի առաջխաղացումից հենց How2B-ի օրինակով: Երբ սկսեցինք How2B-ն և մարքեթինգային ռազմավարություն էինք ստեղծում՝ նշելով այն հարթակները, որտեղ կկարողանանք ներկայացնել մեր գրառումները, LinkedIn-ն առաջնային դիրքերում չէր: Ֆեյսբուքն ու Ինստագրամը բացարձակ առաջատար էին: Հետո ուսումնասիրեցինք թե՛ Հայաստանյան, թե՛ հատկապես համաշխարհային մրցակիցներին, ինչպես նաև թիրախային լսարանը, որը հետագայում դառնալու էր մեր հիմնական ընթերցողը: Քայլ առ քայլ LinkedIn-ը դառնում էր ոչ միայն գրառումներով կիսվելու հարթակ, այլ նաև ճիշտ թիրախին հասնելու, հստակ «հաղորդագրություններ» փոխանցելու և զարգանալու գործիք:
Առաջին անգամ ամբողջ թիմով ապշել էինք, երբ ունենալով մոտ 100 հետևորդ, գրառումներից մեկը 700+ հավանում, տասնյակ մեկնաբանություններ ու կիսումներ ունեցավ: Այդ միտումը պահպանվում է մինչ օրս, բայց որոշակի պարբերականությամբ: Հետևությունը մեկն է. էջի օրգանիկ զարգացումը հնարավոր է արդիական, հետաքրքիր, օգտակար կոնտենտի դեպքում: Ի դեպ, օրգանիկ առաջխաղացումը անձնական էջերին ևս վերաբերում է:
Ահա մի քանի քայլ կամ լայֆհեք, թե ինչպես ապահովել բիզնես էջի առաջխաղացումը.
- Ուշադրությու՛ն դարձրեք բիզնես էջի տեսքին: Պետք է լրացված լինեն բոլոր անհրաժեշտ տվյալները՝ տեղեկատվություն Ձեր մասին, կոնտակտային տվյալներ, աշխատանքային պայմաններ: Գլխավոր ու ետին նկարները ևս բացառություն չեն:
- Անընդհատ եղե՛ք մարդկանց աչքի առաջ: Գրառումների պարբերականությունը կարող է դառնալ Ձեր՝ LinkedIn-յան հաջողության գրավականը: Հատկապես, ինչպես վերևում նշվեց, հետաքրքիր ու գրավիչ կոնտենտի պարագայում:
- Օգտագործե՛ք «համայնքային» հեշթեգներ. հեշթեգներ, որոնք կապ ունեն Ձեր բրենդի, պրոդուկտի և որ ամենակարևորն է՝ թեմատիկ ոլորտի հետ: Այդկերպ Դուք կկարողանաք Ձեր բրենդը ներկայացնող թեմայով հետաքրքրվող մարդկանց ևս մեկ քայլով մոտենալ: Ի դեպ, LinkedIn-ն ունի հեշթեգին բաժանորդագրվելու հնարավորություն, ինչը հեշտացնում է այս գործընթացը:
- Կիրառե՛ք գովազդի հնարավորությունները: Ինչպես սոցիալական մեդիայի մնացյալ ներկայացուցիչները՝ LinkedIn-ը ևս բացառություն չէ և ունի վճարովի գրառումների հնարավորություն: Գործընթացը նման է մնացյալ սոցիալական ցանցերում գովազդ տեղադրելու ընթացքին, առավել մանրամասն էլ կարող եք կարդալ հե՛նց LinkedIn-ի «մարքեթինգյան լուծումներում»՝ այս հղումով:
- Զարգացրե՛ք կազմակերպության HR բրենդը LinkedIn—ում: Ցանկացած բրենդի հիմքում մարդիկ են: LinkedIn-ում էլ՝ այդ մարդկանց աշխատանքային կյանքը: Ներկայացրե՛ք Ձեր բրենդի «մարդկային» կողմը, պատմե՛ք աշխատակիցների խնդիրների ու հաղթանակների մասին, կիսվե՛ք աշխատանքային պատմություններով ու «գրասենյակային» ձեռքբերումներով: Ինչքան տարածվի կազմակերպության «մռ» կողմը, այնքան էլ մեծ կլինի բրենդի ճամնաչվածությունը:
Ինչպե՞ս առաջխաղացնել անձնական բրենդը LinkedIn-ում
LinkedIn-յան մարքեթինգի երկրորդ կարևոր ուղին անձնական բրենդինգն է: Դեռ 2014 թվականին LinkedIn-ի գործադիր տնօրեն Ջեֆ Ուեյները նշել է, որ կազմակերպության առաջնային նպատակը Երկիր մոլորակի ողջ աշխատուժի ներգրավումն է իր ղեկավարած հարթակում: Այս պահին այդ թիվը 3 մլրդ է, իսկ LinkedIn-ի օգտատերերի թիվը՝ 810 մլն:
Մինչ նրանք քիչ-քիչ մոտենում են իրենց հիմնական նպատակին, եկեք փորձենք հասկանալ անձնական բրենդինգը LinkedIn-ում կարո՞ղ է իրականություն դառնալ, թե՞ ոչ: Այդ հարցում մեզ օգնել է ՏՏ ընկերությունների համար վաճառքի աութսորսինգով և խորհրդատվությամբ զբաղվող Rooqet ընկերության համահիմնադիր և տնօրեն, «Վաճառքի պրոֆեսիոնալների ասոցիացիայի» նախագահ Էրիկ Խաչատրյանը:
LinkedIn—ը ոչ ուղղակիորեն ազդում է բիզնեսի վաճառքների ծավալների աճի վրա:
Խոսելով անձնական բրենդինգի կարևորության մասին Էրիկը նշում է, որ հատկապես եթե բիզնեսների հետ եք աշխատում, ուրեմն պետք է կարևորեք LinkedIn-ում անձնական բրենդի ձևավորումը. հաճախորդ-բիզնեսները վստահում են նրանց, ում ճանաչում են: Այս դեպքում կարող եք ստեղծել անձնական ուղիղ կապ հաճախորդի հետ: Բիզնեսում որոշում կայացնողը ճանաչում է որպես մարդու, ապա ուսումնասիրում որպես մասնագետի և ի վերջո, կարծիք ձևավորում՝ որպես փորձագետի, և անհրաժեշտ խնդրի դեպքում դիմում է հենց այդ փորձագետին, ում հասցրել է ճանաչել և հասկանալ: Այսինքն՝ LinkedIn-ը ոչ ուղղակիորեն ազդում է վաճառքների ծավալների մեծացման վրա:
Երբ գիտակցում ենք անձնական բրենդի կարևորության մասին, պետք է անցնենք հաջորդ քայլին՝ ռազմավարության և կոնտենտ պլանի ստեղծմանը: Ինչպես նշում է Էրիկ Խաչատրյանը. «Ռազմավարականորեն կարևոր է ճիշտ նիշա գտնելը, որը կհամապատասխանի Ձեր բիզնեսին և միայն դրանից հետո կոնտենտ ստեղծելը: Անընդհատ չխոսել բիզնեսի մասին, այլ շոշափել բիզնեսի ոլորտին վերաբերող թեմաներ՝ անկախ կոնտենտի տեսակից»:
«Ո՞րն է LinkedIn-ում անձնական բրենդի հաջողության գրավականը» հարցին Էրիկը միանշանակ պատասխան է տալիս՝ «Փորձարկումները»: Հետո էլ ավելացնում՝ «Փորձարկե՛ք և երբեք կանգ մի՛ առեք անձնական բրենդինգի կառուցման գործում: Անընդհատ փորձարկե՛ք. թե՛ խմբերը, թե՛ հեշթեգները, թե՛ հարցումները, թե՛ վիդեո կոնտենտը: Ակտիվ եղե՛ք ոչ միայն գրառումներում, այլև մեկնաբանություններում ու լայքերում: Անձնական բրենդ ստեղծողը փոխներգործում է լսարանի հետ, լսարանն էլ վերադառնում է»:
Զրույցի վերջում էլ Էրիկը պատմում է իր սիրելի «Լինքդիներների» մասին, որոնց թվում թե՛ արտասահմանցիներ են, թե՛ հայեր: Ահա ցանկը՝
Է՞լ ինչ կա ԼինքդԻնում
Զարգացնել անձնական բրենդը, կատարել բիզնեսի առաջխաղացում, ներկայանալ որպես մարդ, որը աշխատանք է փնտրում կամ էլ որպես աշխատանք առաջարկող գործատու: Այս ամենը LinkedIn-ի գործունեության հիմքում է: Իսկ է՞լ ինչ կարող է առաջարկել հարթակը:
LinkedIn Jobs
LinkedIn-յան այս հնարավորությունը գործատուների համար է: Առանց որևէ վճարի կարող եք տեղադրել թափուր հաստիքի մասին հայտարարություն՝ դասական աշխատանքային կայքի կանոններով: Հարկավոր է հարթակի այս բաժնում առանձին գրանցում, ինչից հետո կկարողանաք լրացնել անհրաժեշտ տվյալները:
Ի դեպ, ալգորիթմների տեսանկյունից հարթակը բավականին լավ է աշխատում: Երբ աշխատանքի հայտարարություն եք տեղադրում, հարթակը ապահովում է առաջխաղացումը և ցուցադրում պոտենցիալ աշխատակիցներին՝ ըստ նրանց՝ LinkedIn-ում նշած աշխատանքի, հմտությունների և նախասիրությունների:
Միաժամանակ անվճար հնարավոր է տեղադրել ընդամենը 1 աշխատանքային հայտարարություն: Առավել մանրամասն վճարովի տարբերակներին կարող եք ծանոթանալ այստեղ:
LinkedIn Learning
LinkedIn-յան բազմաթիվ հնարավորություններից են դասընթացները: Ամենատարբեր մասնագիտական թեմաները, փափուկ ու կոշտ հմտությունները և ավելին կարող եք գտնել հենց այս հարթակում: Առաջին ամսվա փորձարկվող տարբերակն անվճար է, առանձին դասընթացներն ունեն իրենց վճարը: Վերջում կա սերտիֆիկատ, որով բոլորը սիրում են կիսվել արդեն հարթակի իրենց էջերում:
Սովորի՛ր, կիրառի՛ր, վաստակի՛ր — սոցիալական մեդիայի մարքեթինգի դասընթացներ Train2B-ում: Ավելին կարդա՛ այստեղ:
LinkedIn Newsletters
LinkedIn-ն այս պահին միակ սոցիալական հարթակն է, որը հնարավորություն է տալիս ստեղծել երկար հոդվածներ: Այդ հոդվածները հնարավոր է դարձնել նաև newsletter-ներ՝ նամակներ, որոնք Ձեր նշած ժամանակ կհասնեն օգտատերերին: Այսինքն՝ եթե Ձեզ հետաքրքիր է որևէ պարբերական, բիզնես կամ մարդ, որը այս կամ այն թեմաներով հոդվածներ է ստեղծում, ժամանակին նրանց կարդալու միակ հնարավորությունը առկա կայքը կամ էլեկտրոնային փոստին ստացվող նամակներն էին: Այժմ այդ հնարավորություններն ընդլայնվել են, և LinkedIn-ը նույնպես ունի նման գործիք: Վերջինս ոչ բոլորին է հասանելի, առավել մանրամասն՝ այստեղ:
Բիզնեսի տեսանկյունից այն բավականին հարմար գործիք է, որը թե՛ մեյլի, թե՛ LinkedIn-յան ծանուցման տեսքով հասնում է օգտատերերին:
Why is LinkedIn so cringe?
Հոդվածը սկսելուց առաջ պլան էի կազմել, բայց չէի հասկանում՝ ինչն է պակասում: Փորձեցի դիմել նորին մեծություն Գուգլին՝ «Why is Linkedin …» գրելով, թե ինչ տեղի ունեցավ հետո կարող եք դիտել նկարում: Փաստ է, որ Ռուսաստանում LinkedIn-ը չի գործում: Ու ոչ, դա կապված չէ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի հետ: Բայց դա մի կողմ: Շատերին հետաքրքրում է «Why is LinkedIn so cringe?» արտահայտությունը: Եթե ծանոթ չեք գերժամանակակից «cringe» բառին, հոգ չէ: Հոգ չէ, բայց բացատրելն էլ բավականին բարդ է: Միանշանակ բառ չկա, բայց հայոց լեզվի մի շարք մասնագետների կարծիքը այդ բառի վերաբերյալ հետևյալն է՝ «նվաստացուցիչ, ամոթապրկիչ, ամոթակծկիչ»:
Ինչևէ, բառը կմնա ամոթալի, իսկ իմաստը չի կորի: Ինչու՞ է հաճախ, նույնիսկ շատ հաճախ LinkedIn-ը թվում կեղծ, հորինված ու գոռոզ: Միգուցե, որովհետև ամենուր հաղթանակներ են, ոչ թե պարտություննե՞ր, լուծումներ են, ոչ թե խնդիրնե՞ր, երազանքներ են, ոչ թե իրականությու՞ն…
Միացե՛ք How2B-ի LinkedIn-ին էլ այս հղումով: