Ինչպե՞ս գնահատել ընկերության պոտենցիալն առանց ֆինանսիստ լինելու

Վերջին լուրերը
Ինչպե՞ս գնահատել ընկերության պոտենցիալն առանց ֆինանսիստ լինելու
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ներդրումային աշխարհը կարող է շփոթեցնող թվալ, հատկապես, եթե նոր եք ոլորտում։ Սակայն, ներդրում կատարելու որոշման համար պարտադիր չէ լինել փորձագետ կամ վերլուծաբան։

Հոդվածում առանձնացրել ենք մի քանի պարզ և գործնական քայլեր, որոնք կօգնեն ձեզ գնահատել ընկերության պոտենցիալը՝ առանց ֆինանսական մասնագիտական կրթության։

1. Ընկերության հիմնական բիզնես մոդելի ըմբռնում

Սկսեք պարզ հարցից՝

Ի՞նչ է անում այս ընկերությունը, և ինչպե՞ս է գումար վաստակում։

Եթե չեք կարող մեկ նախադասությամբ բացատրել ընկերության գործունեությունը, ապա հնարավոր է՝ դեռ պատրաստ չեք այնտեղ ներդրում կատարել։ Ուսումնասիրեք՝

  • Ի՞նչ ծառայություններ կամ ապրանքներ է առաջարկում
  • Ո՞վ է ընկերության հիմնական հաճախորդը
  • Ինչպե՞ս է ստանում եկամուտ (գին, ծավալ, բաժանորդագրություն, գովազդ և այլն)

Օրինակ՝ եթե ընկերությունն առաջարկում է առցանց դասընթացներ, կարևոր է հասկանալ՝ ի՞նչ հաճախորդների բազա ունի, ի՞նչ գնային քաղաքականություն է վարում, և ունի՞ արդյոք մրցակցային առավելություն ոլորտում։ Այս տեղեկատվությունը կարող է արդեն իսկ լավ հիմք հանդիսանալ գնահատման համար։

2. Հետևե՛ք աճի նշաններին

Ինչպե՞ս գնահատել ընկերության պոտենցիալն առանց ֆինանսիստ լինելու

Ձեզ հետաքրքրող ընկերությունն աճու՞մ է։ Դրա համար պետք չէ հաշվետվությունները խորությամբ վերլուծել։ Փորձեք պարզել.

  • Արդյո՞ք վերջին տարիներին շահույթն ու հաճախորդների թիվն աճել են
  • Ընկերությունն ընդլայնվու՞մ է՝ նոր շուկաներ մուտք գործելով, ապրանքատեսականին ընդլայնելով կամ նոր երկրներում ներկայություն ապահովեով
  • Մեդիա և հաճախորդների արձագանքները դրական են, թե՞ բացասական

Հուշում՝ Google News-ը, սոցիալական մեդիան և Trustpilot-ի պես կայքերը կարող են օգտակար տողեկություններ տրամադրել։

3. Մրցակցային առավելությունների գնահատում

Ինչո՞վ է այս ընկերությունն առանձնանում մյուսներից։

Հաջողակ ընկերություններն ունեն մրցակցային առավելություններ՝ այն, ինչը դժվար է պատճենել։

Օրինակ՝

  • Ուժեղ բրենդ (օրինակ՝ Apple)
  • Տեխնոլոգիական առավելություն
  • Տնտեսության մասշտաբի առավելություն (օրինակ՝ Amazon-ի ցածր գներ)
  • Հավատարիմ հաճախորդների բազա

Փորձեք հասկանալ՝ արդյո՞ք ընկերության ապրանքներն ու ծառայությունները հեշտությամբ կարո՞ղ են փոխարինվել մրցակիցների կողմից, թե՞ ունեն այնպիսի առանձնահատկություններ կամ որակ, որ հաճախորդները նախընտրում են հենց այդ ընկերությանը։

4․ Ովքե՞ր են ղեկավարում ընկերությունը և արժե՞ վստահել նրանց

Ինչպե՞ս գնահատել ընկերության պոտենցիալն առանց ֆինանսիստ լինելու

Լավ ղեկավարներն են կառուցում կայուն ու հաջողակ ընկերություններ։ Ուստի կարևոր է հասկանալ՝ ովքեր են կանգնած այդ ընկերության ղեկին, ինչ փորձ ունեն և արժե՞ արդյոք վստահել նրանց տեսլականին։ Ուստի, ուսումնասիրեք՝

  • ովքե՞ր են ընկերության տնօրենը և հիմնադիրները,
  • ի՞նչ փորձ են ունեցել նախկինում,
  • արդյո՞ք նրանց պատմությունը վստահություն է ներշնչում։

LinkedIn-ը, ընկերության պաշտոնական կայքը և համացանցում առկա հարցազրույցները լավ աղբյուրներ են՝ նրանց ավելի լավ ճանաչելու համար։

5․ Ինչպե՞ս կարդալ թվերը՝ առանց ֆինանսիստ լինելու

Առաջին հայացքից թվերը կարող են վախեցնել, բայց իրականում ամեն ինչ այդքան բարդ չէ։ Սկսնակ ներդրողի համար բավական է ուշադրություն դարձնել ընդամենը մի քանի հիմնական ցուցիչների՝ պատկերացում կազմելու ընկերության ֆինանսական առողջության մասին։

Ահա երեք պարզ ու կարևոր ցուցանիշներ, որոնց արժե հետևել․

  • Եկամուտ– Աճու՞մ է արդյոք ընկերության եկամուտը տարեկան կտրվածքով։ Սա ցույց է տալիս՝ արդյոք ընկերությունն ընդլայնվում է և զարգանում։
  • Մաքուր շահույթ–Արդյո՞ք ընկերությունը շահույթ ստանում է։ Նույնիսկ եթե եկամուտ կա, շահույթը ցույց է տալիս՝ այն արդյունավետ կերպով է կառավարում ծախսերը։
  • Պարտքի մակարդակ– Արդյո՞ք ընկերությունը խելամիտ է վարվում իր վարկային պարտավորությունների հետ։ Չափից շատ պարտքը կարող է վտանգավոր լինել, հատկապես շուկայի անկայունության պարագայում։

Եթե ընկերության ֆինանսական հաշվետվությունները հասանելի չեն կամ բարդ են թվում, փորձեք փնտրել համառոտ ֆինանսական վերլուծություններ վստահելի կայքերում, ինչպիսիք են՝ Yahoo Finance-ը կամ Simply Wall St-ը։

Ինչպե՞ս գնահատել ընկերության պոտենցիալն առանց ֆինանսիստ լինելու

Եզրակացություն

Ներդրումը միայն թվերի մասին չէ։ Դա նաև վստահության, տրամաբանության և լավ տեղեկատվության համադրություն է։ Եթե ժամանակ տրամադրեք հասկանալու՝ ինչո՞վ է զբաղվում ընկերությունը, ինչպե՞ս է զարգանում, ի՞նչ մրցակցային առավելություններ ունի և ո՞վ է ղեկավարում այն, արդեն կունենաք ավելի ամուր հիմք ներդրումային խելմիտ որոշումներ կայացնելու համար։

Ներդրումներ կատարելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները