Ի՞նչն են Հայաստանում կարևորում աշխատաշուկայում. The Voice of GEN at CCF-ի հետազոտության արդյունքները

Վերջին լուրերը
Ի՞նչն են Հայաստանում կարևորում աշխատաշուկայում. The Voice of GEN at CCF-ի հետազոտության արդյունքները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում աշխատակիցներն ու ապագա աշխատակիցներն ի՞նչն են կարևորում աշխատաշուկայում, ինչ պահանջներ ունեն գործատուներից, 2024թ. Career City Fest լավագույն գործատուների փառատոնի շրջանակում իրականացրած հետազոտությամբ փորձեց պարզել Skill Event Marketing ընկերությունը։

Հետազոտության արդյունքները ցույց տվեցին՝ առանձին տարիքային և սեռային խմբերը տարբեր կերպ են գնահատում աշխատատեղի գրավչությունը։ Մասնավորապես առավել երիտասարդները կարևորում են կարիերայում աճը, ճկուն գրաֆիկն ու աշխատանքային միջավայրը, իսկ ավելի բարձր տարիքի ներկայացուցիչների համար կարիերայում աճից հետո ոչ պակաս կարևոր է նաև աշխատավարձի չափը:

Skill Event Marketing ընկերությունը The Voice of GEN նախագծի համար ընտրել էր հետևյալ մեթոդաբանությունը. հետազոտության մասնակիցներն իրենց տարիքային խմբին համապատասխան գույնի գնդակով քվեարկել են գործատուի ընտրության՝ իրենց համար ամենակարևոր չափանիշի օգտին։ Դրանք են՝ աշխատավարձը, արտոնությունների փաթեթը, կարիերայի աճը, ընկերության հեղինակությունը, ճկուն գրաֆիկն ու աշխատանքային միջավայրը:

Հարցման մասնակիցները բաժանվել են 4 հիմնական տարիքային խմբերի՝ 0-17, 18-24, 25-34 և 35+։ Հարցմանը մասնակցել է 2,148 մարդ, որոնցից 1,051-ը ֆիզիկական, 1,097-ը՝ առցանց տարբերակով:

Այսպիսով, հարցման արդյունքները ցույց տվեցին, որ տարբեր սերունդներ տարբեր առաջնահերթություններ ունեն.

Հարցման ամենաերիտասարդ խմբի մասնակիցները եղել են 0-17 տարեկան: Նրանցից կեսից ավելիի համար ընկերությունում կարևոր է կարիերայի աճի հեռանկարը (ֆիզիկական հարցվածների 51.70%), աշխատանքային միջավայրը կարևոր է ֆիզիկական հարցվածների 19.05%-ի համար: Այս տարիքային խմբի համար ոչ պակաս կարևոր է նաև ճկուն գրաֆիկը (ֆիզիկական հարցվածներ 12.24%):

Հարցմանը մյուս խմբի՝ 18-24 տարեկան մասնակիցների համար ևս առաջնահերթ է կարիերայում աճի հնարավորությունը:

Այս տարիքային խմբի մասնակիցները ևս կարևորել են աշխատանքային միջավայրը (ֆիզիկական հարցվածների 13.12%): Ի տարբերություն 0-17 տարեկանների, 18-24 տարեկանները կարևորել են նաև աշխատավարձը:

Ի՞նչն են Հայաստանում կարևորում աշխատաշուկայում. The Voice of GEN at CCF-ի հետազոտության արդյունքները

25-34 տարեկանների համար կարիերայի աճը ևս առաջ տեղում է (ֆիզիկական հարցվածների 47.19%), սակայն այս խմբի համար երկրորդ կարևոր բաղադրիչն աշխատավարձն է. ֆիզիկական հարցվածների 17.32%, իսկ առցանց հարցվածների 12.92%-ը կարևորել են հենց աշխատավարձը: Մյուս խմբերի ներկայացուցիչների նման, այս տարիքային խմբի մասնակիցները կարևորել են ճկուն գրաֆիկն ու աշխատանքային միջավարը:

Ի՞նչն են Հայաստանում կարևորում աշխատաշուկայում. The Voice of GEN at CCF-ի հետազոտության արդյունքները

35+ տարիքային խմբի դեպքում 147 ֆիզիկական հարցվածների և 125 առցանց հարցվածների համար կարևոր է կարիերայի աճը, ապա աշխատավարձը: Առաջնահերթությունների ցուցակի երրորդ և չորրորդ հորիզոնականները բաժին են ընկնում ճկուն գրաֆիկին և աշխատանքային միջավայրին:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել նաև, որ տղամարդիկ և կանայք տարբեր առաջնահերթություններ ունեն գործատու ընտրելիս: Մասնավորապես, բոլոր հարցված տղամարդկանց կեսից ավելին՝ 55.98%-ը, ընտրել է կարիերայի աճը որպես հիմնական գործոն։ Նրանք նաև կարևորել են աշխատավարձը (10.64%) և աշխատանքային միջավայրը (16.99%)։

Կանանց 51.43%-ը նույնպես նախընտրել է կարիերայի աճը, բայց երկրորդ տեղում նրանց համար ավելի կարևոր է եղել աշխատանքային միջավայրը (15%)։ Այս տարբերությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ ավելի շատ կենտրոնացած են աճի և ֆինանսական կայունության վրա, մինչդեռ կանայք գնահատում են թիմային աշխատանքն ու հարմարավետությունը։

Ի՞նչն են Հայաստանում կարևորում աշխատաշուկայում. The Voice of GEN at CCF-ի հետազոտության արդյունքները

«The Voice of GEN at CCF» հետազոտությունը ցույց տվեց, որ գործատուի ընտրության գործընթացում տարիքային և գենդերային տարբերություններն էական են։ Այս արդյունքները կարող են կարևոր նշանակություն ունենալ ինչպես ընկերությունների HR բաժինների, այնպես էլ այն կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են ավելի արդյունավետ ներգրավել և պահպանել տաղանդավոր աշխատակիցներին։

Ի դեպ՝  «The Voice of GEN at CCF» ինստալյացիան առաջադրվել է Eventex Awards 2025 մրցանակաբաշխությանը՝ People’s Choice Brand Experience անվանակարգում: Նախագծի օգտին մինչև ապրիլի 8-ը կարող եք քվեարկել Eventex-ի պաշտոնական կայքում` համապատասխան ցանկից ընտրելով People’s Choice Brand Experience անվանակարգը, ապա՝ նախագիծը: 

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները