Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է, թե որքան լսարան ունեն սոցցանցերի հայկական տիրույթները և ինչով են պայմանավորված թվերի փոփոխությունները։
«Մեծ հաշվով, հիմնականում լսարանները աճում են, կամ մնում են անփոփոխ։ Կան հարթակներ, որոնց վիճակագրությունը մեզ հստակ հայտնի չէ, քանի որ սոցիալական ցանցը չի տրամադրվում Հայաստանի լսարանի վերաբերյալ տեղեկատվություն։
Այդպիսին է ՏիկՏոկը։ Մինք գիտենք, որ սոցցանցի լսարանը մեծ է, Հայաստանում հասնում է հարյուր հազարավոր օգտատերերի, բայց չունենք հստակ թվեր։ Նույնը վերաբերում է Տելեգրամին։ Այստեղ նույնպես հասկանալի է, որ լսարանը անընդհատ աճում է, սակայն հստակ վիճակագրություն չունենք», – գրել է նա։
Ըստ մեդիափորձագետի՝ լսարանների աճը նաև պայմանավորված է Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիներով, ովքեր արդեն սոցցանցերի կողմից դիտարկվում են որպես Հայաստանում գտնվող օգտատեր։
Լինքդինի լսարանը Հայաստանում աճել է և անցել է 320 հազարը։
Facebook-ի լսարանը արդեն մի քանի տարի է չի աճում։ Այն, կախված հասարակական և քաղաքական իրավիճակից, տատանվում է 1,3- 1,5 միլիոն ամսեկան կտրվածքով օգտատերերի միջև։
Instagram-ի լսարանը մեծությամբ մոտենում է Facebook-ին, որտեղ 1.1մլն ակտիվ օգտատեր կա։ Instagram-ի լսարանի մոտ երեք քառորդը մինչև 35 տարեկան օգտատերերն են, իսկ Facebook-ում օգտատերերի կեսը 35 տարեկանից բարձր տարիքի են։
Twitter-ը նախկինում բաց հասանելիություն չէր տալիս Հայաստանի լսարանի վերաբերյալ վիճակագրությանը, սակայն այժմ տեղեկատվությունը հասանելի է, և այստեղ ակտիվ համայնքի թիվը հասնում է 100 հազարի։ Սոցցանցի օգտատերերի երկու երրորդը արական սեռի ներկայացուցիչ են, որոնց գերակշռող մասը՝ մինչև 35 տարեկան։
Այս պահին հայտնի չեն YouTube և Pinterest հարթակներում գրանցված օգտարերի թվերը։
Վերը նշված տվյալները հասանելի են հարթակների գովազդային կառավարման վահանակներից։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։