Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հաղթել է Twitter սոցիալական ցանցի դեմ դատական գործը, հաղորդում է Business Insider-ը: Արդյունքում, սոցիալական ցանցը պարտավորվել է Մասկին տրամադրել սփամ և բոտ հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը:
Տեղեկատվության տրամադրումը Մասկին արդեն սկսվել է: Ավելին, ձեռնարկատերը ևս մեկ հայց է ներկայացրել Twitter-ի դեմ՝ պահանջելով ավելի մանրակրկիտ տեղեկատվություն ոչ միայն կեղծ հաշիվների, այլև օգտատերերի վերաբերյալ տվյալների հավաքման և ուսումնասիրության մեթոդների մասին:
Հիշեցնենք, որ Իլոն Մասկի կողմից Twitter սոցիալական ցանցի ձեռքբերման 44 մլրդ դոլար գնահատված գործարքը խափանվել էր այն բանից հետո, երբ գործարարը հայտարարել էր, որ իրեն չեն տրամադրել տեղեկատվություն կեղծ հաշիվների վերաբերյալ: Սոցցանցն էլ դատի էր տվել Մասկին՝ պահանջելով ավարտին հասցնել գործարքը:
Հուլիսի 29-ին Մասկը հակընդդեմ հայց էր ներկայացրել: Այնուհետև գործարարը հայտարարել էր, որ եթե Twitter-ն իրեն տրամադրի տեղեկատվություն, թե ինչպես է ստուգում հաշիվների ճշտությունը, ապա կհամաձայնի ավարտին հասցնել գործարքը նախնական պայմաններով:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։