Ինչպե՞ս է Ջենսեն Հուանգը ԱՄՆ պետբյուջեից «կորզել» 8 միլիարդ դոլար

Վերջին լուրերը
Ինչպե՞ս է Ջենսեն Հուանգը ԱՄՆ պետբյուջեից «կորզել» 8 միլիարդ դոլար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, ով ԱՄՆ-ի 10-րդ ամենահարուստ մարդն է 127 միլիարդ դոլար կարողությամբ, կարողացել է գտնել օրինական ճանապարհներ՝ իր հարստությունը ժառանգներին փոխանցելու համար՝ խուսափելով հսկայական հարկերից: Ամերիկյան օրենսդրությամբ նման կարողության ժառանգության հարկը պետք է կազմեր 40%, սակայն New York Times-ի հետաքննությունը բացահայտել է, թե ինչպես է Հուանգը կարողանում շրջանցել այս պահանջը:

Առաջին մեխանիզմը, որը հայտնի է I Dig It անվանմամբ, գործել է այսպես․ 2012 թվականին Հուանգն ու իր կինը ստեղծեցին հատուկ տրաստ և այնտեղ տեղափոխեցին Nvidia-ի 584,000 բաժնետոմս՝ 7 միլիոն դոլար արժողությամբ: Եթե այս բաժնետոմսերի արժեքը բարձրանում է (ինչպես պատահեց Nvidia-ի դեպքում), ապա աճը չի հարկվում ժառանգության հարկով: Այս սխեման թույլ է տալիս խուսափել ոչ միայն ժառանգության, այլ նաև նվիրատվության հարկից: Այսօր այդ բաժնետոմսերն արժեն 3 միլիարդ դոլար, և դրանց փոխանցումը ժառանգներին կհարկվեր 1 միլիարդ դոլարով, եթե չլիներ այս սխեման:

Երկրորդ մեխանիզմը GRAT-ն է (Grantor Retained Annuity Trust): 2016-ին Հուանգները ստեղծեցին նման մի քանի տրաստ և դրանց մեջ տեղափոխեցին ավելի քան 3 միլիոն բաժնետոմս՝ 100 միլիոն դոլար արժողությամբ: GRAT-ի էությունն այն է, որ տրաստը պետք է հետագայում Հուանգին վերադարձնի բաժնետոմսերի սկզբնական արժեքը գումարած համեստ տոկոսներ: Եթե բաժնետոմսերի արժեքն աճում է ավելի շատ, քան պետք է վերադարձվի, ապա մնացած գումարը կարող է անցնել ժառանգներին՝ առանց հարկման: Այսօր այդ բաժնետոմսերն արժեն 15 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ ընտանիքը կխուսափի շուրջ 6 միլիարդ դոլարի հարկերից:

Երրորդ մեխանիզմը բարեգործական հիմնադրամների օգտագործումն է: 2007-ից սկսած՝ Հուանգը իր անձնական հիմնադրամին է նվիրաբերել 330 միլիոն դոլարի բաժնետոմսեր, որոնք այսօր արժեն 2 միլիարդ դոլար: Նվիրատվությունները նվազեցնում են եկամտահարկը, իսկ հիմնադրամը կարող է գումարները տեղափոխել donor-advised fund կոչվող հատուկ հաշիվների մեջ: Այս հաշիվները կարող են անցնել ժառանգներին՝ առանց ժառանգության հարկի, և հետաքրքիրն այն է, որ օրենքը չի պարտադրում այս հաշիվներից պարտադիր բարեգործական ծախսեր կատարել: Այս մեխանիզմը Հուանգին թույլ կտա խնայել ևս 800 միլիոն դոլար ժառանգության հարկից:

Նման մեխանիզմներն օգտագործվում են նաև Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի, Blackstone-ի ղեկավար Սթիվեն Շվարցմանի և Google-ի, Coinbase-ի, Mastercard-ի ու այլ խոշոր ընկերությունների ղեկավարների կողմից: Արդյունքում, վերջին 20 տարում ԱՄՆ հարուստների կարողությունը քառապատկվել է, մինչդեռ ժառանգության հարկից ստացվող եկամուտները մնացել են նույն մակարդակի վրա: Ըստ փորձագետների՝ եթե հարկային համակարգը պահպաներ իր արդյունավետությունը, անցյալ տարի պետությունը կստանար 120 միլիարդ դոլար, սակայն փաստացի ստացել է դրա մեկ քառորդը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները