TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ցանցը այս նոյեմբերին կբացի իր առաջին կենտրոնը Հնդկաստանում՝ Մումբայում։
Կենտրոնը կգործարկվի Շանթիլալ Շանգվի բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ ու կտեղակայվի Շիկհա ակադեմիայի նորակառույց շենքում։

Սա TUMO-ի առաջին կենտրոնն է Հնդկաստանում և համարվում է դարպաս դեպի ամբողջ Հարավարևելյան Ասիա։ Եթե նախագիծը հաջողվի, նման կենտրոններ կարող են բացվել նաև Դելիում և Բենգալուրուում։
Թումո Մումբայը հնարավորություն կընձեռի շաբաթական 1800 պատանու անվճար ուսումնասիրել տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտները։
Մումբայը ևս մի կարևոր կետ կլինի Թումոյի միջազգային քարտեզին, որն արդեն ներառում է աշխարհի մի շարք երկրներ՝ Արգենտինա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Գերմանիա, Ալբանիա, Ճապոնիա: Շուտով դրանց կմիանան նաև ԱՄՆ-ն, Ուրուգվայը, Հոլանդիան, Վրաստանը և Ղազախստանը: