Մասնագիտության ընտրությունը հաճախ կապված է ոչ միայն նախասիրությունների, այլև ֆինանսական հեռանկարների հետ։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում աշխատավարձերի տարբերությունը ոլորտների միջև կարող է հասնել մինչև 6 անգամի։
Հայաստանի աշխատաշուկայում առկա է խորը շերտավորում։ 2024 թվականի սեպտեմբերի տվյալներով Հայաստանում ամենաբարձր վարձատրվող ոլորտը տեղեկատվության և կապի ոլորտն է՝ 835,840 դրամ միջին ամսական աշխատավարձով։ Սրան հաջորդում է ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 809,417 դրամ ցուցանիշով։
Երրորդ հորիզոնականում հանքարդյունաբերությունն է՝ 478,763 դրամ միջին աշխատավարձով։ Մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում աշխատողները միջինում ստանում են 330,896 դրամ, իսկ փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտում՝ 303,229 դրամ։
Պետական կառավարման ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը 377,488 դրամ է։ Առողջապահության ոլորտում այն կազմում է 257,240 դրամ, իսկ կրթության ոլորտում՝ 156,364 դրամ։
Ամենացածր վարձատրվող ոլորտներն են կացության և հանրային սննդի կազմակերպումը՝ 141,267 դրամ, և սպասարկման այլ ծառայությունները՝ 153,676 դրամ։
Հետաքրքրական է, որ գրեթե բոլոր ոլորտներում առկա է զգալի տարբերություն տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև։ Օրինակ՝ ֆինանսական ոլորտում տղամարդիկ միջինում ստանում են 1,340,318 դրամ, իսկ կանայք՝ 454,920 դրամ։ Տեղեկատվության և կապի ոլորտում տղամարդկանց միջին աշխատավարձը 1,009,529 դրամ է, կանանցը՝ 597,832 դրամ։
2023 թվականի համեմատ աշխատավարձերի աճ է գրանցվել բոլոր հիմնական ոլորտներում։ Շինարարության ոլորտում աճը կազմել է 2.3%, արդյունաբերությունում՝ 8.9%, գյուղատնտեսությունում՝ 16.8%, իսկ ծառայությունների ոլորտում՝ 6%։ Հատկանշական է գյուղատնտեսության ոլորտի զգալի աճը, որը, սակայն, դեռևս մնում է համեմատաբար ցածր վարձատրվող ոլորտների շարքում։