Համաշխարհային բանկը նվազեցրել է 2022 թվականի համար ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը մինչև 1․2%՝ Ուկրաինայում պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցության պատճառով, ասված է Համաշխարհային բանկի «Վերջին տնտեսական զարգացումները» հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Համաշխարհային բանկը 2022-ին Հայաստանում կանխատեսել էր 4,8% տնտեսական աճ։
Նշվում է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հարվածում են աշխարհի տնտեսություններին, ընդ որում սպասվում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զարգացող տնտեսությունները հիմնական ծանրությունը կկրեն։ Հայաստանում տնտեսական աճը 2022-ին դեռևս կանխատեսվում է 1․2% (նախապատերազմյան կանխատեսումներից շեղումը՝ -4,1%), 2023-ի համար՝ 4․6% (-1%) և 4․9%՝ 2024-ին (-0․9)։
Ըստ գնահատականների՝ Ուկրաինայի տնտեսության ծավալների 45.1 տոկոսանոց կրճատում է կանխատեսվում, թեև կրճատման մեծությունը կախված կլինի պատերազմի տևողությունից և ինտենսիվությունից։ Աննախադեպ պատժամիջոցների հարվածը կրելով՝ Ռուսաստանի տնտեսությունն արդեն խորն անկման մեջ է հայտնվել, ընդ որում 2022 թ․ կանխատեսվում է թողարկման ծավալների 11.2 տոկոսանոց կրճատում։
Նշվում է, որ պատերազմը նաև ծանր հարված է հասցնում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ձևավորվող և զարգացող տնտեսություններին՝ տարածաշրջան, որտեղ արդեն այս տարի համավարակի շարունակվող ազդեցությունների հետևանքով տնտեսական աճը դեպի դանդաղում էր գնում։ Ռուսաստանից և Ուկրաինայից բացի, կանխատեսվում է, որ Բելառուսը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը2022-ին տնտեսական անկման մեջ կընկնեն, իսկ աճի կանխատեսվող ցուցանիշները բոլոր տնտեսություններում իջեցվել են՝ պայմանավորված պատերազմի ազդեցությունների տարածմամբ, եվրագոտում սպասվածից թույլ տնտեսական աճով և ապրանքային, առևտրի և ֆինանսական ցնցումներով։