Հայտնի է Global High-Tech Award 2025 թվականի դափնեկրի անունը

Վերջին լուրերը
Հայտնի է Global High-Tech Award 2025 թվականի դափնեկրի անունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունիսի 23-ին Ինժեներական քաղաքում կայացած միջոցառման ժամանկ հայտարարվել է Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 2025 թվականի դափնեկրի անունը։ Մրցանակը կստանա «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը՝ դառնալով ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիրը:

Վինսենթ Ռոշը «Analog Devices Inc.» (ADI)  գլխավոր գործադիր տնօրենն է և տնօրենների խորհրդի նախագահը։ Ընկերությունը բարձր արդյունավետությամբ կիսահաղորդիչների առաջատար մատակարար է, և անգերազանցելի ինտելեկտուալ լուծումներ է տրամադրում կապի, առաջատար արտադրությունների, առողջապահության, կայուն էներգիայի, սպառողական էլեկտրոնիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Ռոշը ընդլայնել է բարձր արդյունավետության անալոգային լուծումների ոլորտում ընկերության առաջատար դիրքը՝ կիրառական նորարարության, հաճախորդակենտրոնության և գործառնական գերազանցության նկատմամբ իր նվիրվածության միջոցով։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, խորհրդանշական համարելով Ինժեներական քաղաքում առաջին պաշտոնական միջոցառման՝ Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 2025 թվականի դափնեկրի անունը հայտարարելու նպատակով հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի անցկացումը, նշել է, որ սա մի կարևոր միջոցառում է, որով ՀՀ կառավարությունը, տեխնոլոգիական համայնքն ու միջոցառման հովանավորները համախմբվել են՝ գնահատելու իրական տեխնոլոգիական հսկաների ունեցած մեծ ավանդը:

«Սա նաև հնարավորություն է տալիս հենց մրցանակակիրներին այցելել Հայաստան՝ ավելի լավ ճանաչելու, հասկանալու և զգալու Հայաստանն իր տեխնոլոգիական մեծ ներուժով, տեխնոլոգիական ավանդույթներով, գիտելիքներով և կարողություններով, որոնք ձևավորվել են տասնամյակների ընթացքում»,- նշել է Հայրապետյանը:

Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն, իր հերթին նշել է, որ «Viva-ն իր հիմնադրման օրվանից թվային տեխնոլոգիաների և նորարարությունների կողքին է և պատահական չէ, որ հիմնադրման օրվանից ընկերությունն այս մրցանակաբաշխության գլխավոր աջակիցն է։ «Այս տարի մեծ ուրախությամբ պատրաստվում ենք ընդունել Վինսենթ Ռոշին, որի շնորհիվ տեխնոլոգիական առաջատար «Analog Devices» ընկերությունը հասավ նոր մակարդակի։ Վստահ ենք, որ նրա այցը Հայաստան կարևոր ոգեշնչման աղբյուր կդառնա արագ փոփոխվող աշխարհում իրենց հմտություններն ու գաղափարները զարգացնել ցանկացող երիտասարդ մասնագետների համար, իսկ մեր համատեղ ջանքերը կօգնեն ստեղծել դինամիկ էկոհամակարգ, որը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը»,- ասել է Արմեն Ավետիսյանը։

Մրցանակի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանն, անդրադառնալով մրցանակի շնորհման պատմությանը, ընդգծել է, որ 15 տարի առաջ «Սինոփսիս»-ի կողմից Համաշխարհային մրցանակի նախաձեռնումը նպատակաուղղված էր նպաստելու Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանը: «Այս մրցանակը նաև բիզնեսի և պետության համագործակցության հաջողված օրինակ է, որն օգնում է Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող հաբի դիրքավորմանն, ու, որ ամենակարևորն է՝ նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական հզորացմանն ու անկախացմանը»,-նշել է Հովիկ Մուսայելյանը:

Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցն է «Synopsys» ընկերությունը։ 

Մրցանակաբաշխությանն աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, ՏՀՏ Գործատուների միությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները