Տիեզերական հետազոտություններով զբաղվող հայկական DeepSat ստարտափը համագործակցության պայմանագիր է ստորագրել ամերիկյան Redwire Corporation-ի հետ՝ իր առաջին արբանյակային խմբաքանակի նախագծման և նախապատրաստման նպատակով։
Redwire-ը՝ շուկայում 2.48 միլիարդ դոլար արժեք ունեցող առաջատար ավիատիեզերական ընկերությունը, կտրամադրի մոդելավորման, սիմուլացիայի և նախագծման ծառայություններ՝ DeepSat-ի Երկրագնդի շատ ցածր ուղեծրի (VLEO) արբանյակների համար։
Համաձայն պաշտոնական մամլո հաղորդագրության՝ այս համագործակցությունը կօգնի DeepSat-ին ստեղծել նոր սերնդի արբանյակային հարթակ, որը միավորում է բարձր հաճախականությամբ դիտարկման հնարավորություններ և արհեստական բանականություն՝ ուղեծրից տվյալների մշակման նպատակով։ Նախագծվող համակարգն ուղղված է Երկրի դիտարկման ոլորտին, ներառյալ՝ նավերի հայտնաբերում, էներգետիկ ենթակառուցվածքների մոնիտորինգ և բնական աղետների ազդեցության գնահատում։
Redwire-ը համագործակցության առաջին փուլում կիրառում է իր Acorn 2.0 տեխնոլոգիական հարթակը, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ մոդելավորել և վերլուծել արբանյակային համակարգի ճարտարապետությունն ու գործառույթները։ Սա DeepSat-ին թույլ կտա նախապես կանխատեսել հնարավոր տեխնիկական ռիսկերն ու օպտիմալացնել նախագծման գործընթացը։
DeepSat-ի գործադիր տնօրեն Ներսես Օհանյանը նշել է, որ այս գործընկերությունն իրագործում է իրենց նպատակը՝ Հայաստանում զարգացնել բարձր ճշգրտությամբ տիեզերական տեխնոլոգիաներ և ներգրավել միջազգային փորձը երկրում։
Համագործակցության հաջորդ փուլերը նախատեսվում են իրականացնել առաջիկա ամիսներին, այդ թվում՝ կոնկրետ արբանյակների արտադրության մեկնարկը և արձակման պլանավորումը։