Հայաստանն ապագայում լինելու է շատ զարգացած երկիր։ Այստեղ ստարտափերի զարգացման լայն հնարավորություններ կան, կարծում է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, ով մասնակցում էր Buissup Conference-ի «Business: Next station» միջոցառմանը։
«Հայաստանում գումարի խնդիր չկա, ներդրումային հիմնադրամները «վխտում են», կարծում եմ մեր թիվ մեկ խնդիրը համառ թիմերի ձևավարումն է, որոնք հետամուտ կլինեն հասնել մեծ նպատակների եւ դրա համար պատրաստ են ջանք գործադրել եւ ունենալ բավարար հմտություններ: Եթե սա աճեցնենք, հավատացեք գումար կլինի։ Ներդրողներն այսօր փնտրում են ընկերություններ, որ գումար ներդնեն»,– ասաց Արամ Փախչանյանը:
Նրա խոսքով, մենք պետք է այսօր ստեղծենք այն բիզնեսները, որոնք վաղը զարգացած երկրում տեղ կգտնեն։ Մենք չենք կարող ստեղծել բիզնեսներ, որոնք հարկավոր են հետամնաց երկրիներին։ Փախչանյանը կարծում է, որ եթե ուզում ենք ստեղծել բիզնեսներ, որոնք ապագայում Հայաստանում են լինելու, դրանք պետք է իրենց գաղափարախոսությամբ, առաքելությամբ լինեն գլոբալ և առաջընթացին միտված:
Փախչանյանի կարծիքով, Հայաստանի գրավականը մեր պոտենցիալն է, տաղանդը, գաղափարները։
«Հանգիստ ապրող, խաղաղ հոգեվիճակում գտնվող ազգերը, այնպես չէ, որ շատ ստեղծարար են։ Ստեղծարարությունը գալիս է վտանգի զգացողության, սահմանափակումների և մեծ երազանք ունենալու հետ մեկտեղ»,- ընդգծեց նա։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։