Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի (ITUC) հրապարակած Իրավունքների համաշխարհային ինդեքսում (Global Rights Index) Հայաստանը ստացել է «3» կարգ՝ «Կանոնավոր խախտումներ»։ Այս գնահատականը նշանակում է, որ պետությունը և/կամ Հայաստանում գործող ընկերությունները պարբերաբար խաթարում են աշխատողների իրավունքները կամ չեն ապահովում դրանց լիարժեք պաշտպանությունը։ Ցուցանիշում նշվում է նաև, որ առկա օրենսդրական բացերն ու որոշ գործնական պրակտիկաներ նպաստում են խախտումների հաճախականությանը։
Զեկույցում առանձնացվել են երկու խախտում, որոնք առավել հաճախ են հանդիպում ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայի մի շարք երկրներում։ Առաջինը վերաբերում է գործադուլի իրավունքի խախտմանը․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ութ աշխատող հեռացվել է՝ որպես նախազգուշացում մյուսներին։ Սա դիտվում է որպես պատասխան գործողություն օրինական գործադուլին և դասվում է «պատժիչ հեռացումների» շարքին։ Աշխարհում գործադուլի իրավունքը 2025 թ․ եղել է ամենախախտվողը՝ սահմանափակվել կամ արգելվել է 87% երկրների մոտ։
Երկրորդ խախտումը վերաբերում է գործատուների վերահսկողությամբ, այսպես կոչված, «դեղին միությունների» ձևավորմանը։ Հայաստանը ներառվել է այն երկրների ցանկում, որտեղ նկատվել է այս միտումը։ Նման միությունները խաթարում են անկախ արհմիությունների գործունեությունը՝ թույլ չտալով աշխատողներին արդյունավետորեն պաշտպանել իրենց շահերը։
Թեև Եվրոպան համարվում է աշխատավորների համար համեմատաբար ազատ տարածաշրջան, վերջին չորս տարիների ընթացքում իրավիճակը վատթարացել է․ տարածաշրջանի միջին գնահատականը հասել է 2․78-ի՝ ամենացածր ցուցանիշը մինչ այժմ։ Մեր «3» միավորը դրանից ցածր է՝ Հայաստանը դասելով այնպիսի երկրներին շարքին, ինչպիսիք են Ալբանիան, Բելգիան, Կանադան և Շվեյցարիան, որտեղ խախտումները համարվում են կանոնավոր։
Այս միտումները համապատասխանում են եվրոպական ընդհանուր պատկերին, որտեղ գործադուլների նկատմամբ ճնշումները և արհմիությունների թուլացումը դարձել են սովորական երևույթներ՝ ընդգծելով, որ աշխատավորների հիմնարար իրավունքների պաշտպանությունը Եվրոպայում ևս գտնվում է անկման փուլում։