Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մրցանակակիրներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանն ԱՄՆ Դալլաս քաղաքում անցկացվող Regeneron միջազգային գիտական և ինժեներական փառատոնում (International Science and Engineering Fair — ISEF) հատուկ մրցանակի են արժանացել։
Փառատոնին հայ աշակերտները ներկայացրել են կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագիծ, որի համար արժանացել են հատուկ մրցանակի Սաուդյան Արաբիայում գործող «Թագավոր Աբդուլազիզի և ընկերների «Mawhiba» հիմնադրամի» կողմից:
Մրցանակն է՝ արաբական աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարաններից մեկի՝ Թագավոր Ֆահդի անվան Նավթի և միներալների համալսարանի («King Fahd University of Petroleum and Minerals (KFUPM)) ամբողջական կրթաթոշակ և 400 դոլար:
Աշխարհի ամենամեծ դպրոցական գիտական մրցույթը համարվող Regeneron-ISEF-ին այս տարի մասնակցել են 64 երկրներից և տարածաշրջաններից 1638 դպրոցականներ՝ 1324 նախագծով: Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ են ISEF փառատոնին մասնակցում առկա. 2021 և 2022 թվականներին մեր մասնակցությունը եղել էր հեռավար:
Մրցանակակիր աշակերտներն «Այբ» դպրոցի սաներ են, ովքեր Regeneron-ISEF փառատոնին մասնակցելու հնարավորությունը վաստակել էին մարտի 25-ին ԵՊՀ-ում կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: