Կառավարությունը ծրագրում է դրամական աջակցություն տրամադրել այն ընկերություններին, որոնք աշխատանքի կընդունեն աշխատակիցների՝ սոցիալապես անապահով ընտանիքներից։ Նշված որոշումը հաստատվել է կառավարության հունիսի 12-ի նիստում։
Ծրագիրը կգործարկվի փորձնական փուլով Կոտայքի և Սյունիքի մարզերում։
Ինչպես հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, նախատեսված են պետական աջակցության երեք հիմնական ձևեր՝ կախված աշխատողի ներգրավման ձևաչափից։
- Ուսուցում․ եթե գործատուն նոր աշխատակցին ընդունում է ուսուցման նպատակով, պետությունը կփոխհատուցի ուսուցման ծախսերը՝ մինչև 250 000 դրամ։
- Ստաժավորում առանց ուսուցման․ եթե նոր աշխատողը ստաժավորվում է առանց ուսուցման, պետությունը 6 ամսվա ընթացքում կփոխհատուցի գործատուի կողմից վճարվող աշխատավարձի հարկերը՝ ամսական մինչև 50 000 դրամ։
- Աշխատանքի ընդունում առանց ուսուցման և ստաժավորման․ եթե աշխատողը միանգամից անցնում է աշխատանքի, փոխհատուցման չափը կախված կլինի պայմանագրի տևողությունից․ 6–12 ամիս տևողությամբ պայմանագրի դեպքում կփոխհատուցվի աշխատավարձի 50%-ը, բայց ոչ ավել քան ամսական 50 000 դրամ, ավելի քան 12 ամիս տևողությամբ պայմանագրերի դեպքում կփոխհատուցվի աշխատավարձի 70%-ը՝ առավելագույնը ամսական 75 000 դրամի չափով (մոտավորապես համարժեք է Հայաստանում գործող նվազագույն աշխատավարձին)։