ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական նախաձեռնության՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի մեկնարկը տրված է, հայտնում է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հարթակը նախատեսված է միավորելու արհեստական բանականության ոլորտի նորարարներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին, ՏՏ ստեղծագործողներին՝ նպաստելով համագործակցությանը և ոլորտի զարգացմանը։
Ինստիտուտի ստեղծման գործընթացը սկսվել էր ամիսներ առաջ և իրականացվել է տեխնոլոգիական զարգացման և էկոհամակարգի ձևավորման համատեքստում։
Հարթակը նախատեսված է աջակցելու նոր գաղափարների մշակմանն ու իրագործմանը, ինչպես նաև նորարարության և բիզնես կապիտալի միջև համագործակցությանը։
Ինստիտուտի աշխատանքներին մասնակցում են միջազգային գործընկերներ, այդ թվում՝ Amazon Web Services (AWS) և Mistral AI ընկերությունները։ AWS-ը կտրամադրի տեխնիկական աջակցություն, ուսումնական ռեսուրսներ և ամպային տեխնոլոգիաների փորձառություն, իսկ Mistral AI-ը՝ փորձագիտական աջակցություն, իր ԱԲ հարթակի հասանելիություն և անվճար API՝ ընտրված մասնակիցների համար։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել մենթորներ և տեխնիկական խորհրդատուներ՝ աջակցելու հետազոտողներին և ստարտափներին իրենց լուծումները զարգացնելու և շուկաներ դուրս բերելու գործընթացում։
«Մենք կհասնենք այս նպատակներին քայլ առ քայլ, իսկ այսօրինակ նախաձեռնությունները լավագույնս ներկայացնում են ապագա Հայաստանի վերաբերյալ մեր երազանքներն ու ամբիցիաները։ Եվ այսպես, մենք շարունակելու ենք կառուցել կայուն և բազմազան էկոհամակարգ՝ այս նախաձեռնության շուրջ համատեղելով համաշխարհային մակարդակի փորձառությունը, ենթակառուցվածքները և մեր տեսլականը։
Հրավիրում ենք հետազոտողներին, ստարտափներին, ՏՏ ստեղծագործողներին` միանալու այս շրջադարձային ճանապարհորդությանը»,- գրել է նախարարը։
Դիմումների ընդունման մեկնարկի վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվեն շուտով։ Մանրամասներին կարելի է հետևել պաշտոնական կայքում՝ https://ai.gov.am/