Google-ը, Facebook-ը, Twitter-ը և այլ տեխնոլոգիական ընկերություններ ստիպված կլինեն միջոցներ ձեռնարկել իրենց հարթակներում դիփֆեյքերի և կեղծ էջերի դեմ պայքարելու համար կամ կարող են տուգանքների ենթարկվել՝ ԵՄ նորացված կանոնների համաձայն:
Եվրահանձնաժողովն ապատեղեկատվության նորացված կանոնները կհրապարակի հինգշաբթի՝ կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում, հայտնում է Reuters-ը:
2018-ին ներդրված կամավոր օրենսգիրքն այժմ համակարգավորման սխեմա կդառնա, ընդ որում, պատասխանատվությունը կկիսվի կարգավորողների եւ օրենսգրքի ստորագրողների միջեւ: Թարմացված օրենսդրության մեջ մանիպուլյատիվ վարքագծի ավելի շատ օրինակներ կնշվեն, ինչպիսիք են դիփֆեյքերը եւ կեղծ էջերը, որոնց դեմ ստորագրողները ստիպված պետք է պայքարեն:
Դիփֆեյքերը հիպերիրատեսական, համակարգչային տեխնոլոգիաների միջոցով ստեղծած կեղծիքներ են, որոնք անհանգստություն են առաջացնում ամբողջ աշխարհում, հատկապես երբ դրանք օգտագործվում են քաղաքական համատեքստում:
Այն ընկերությունները, որոնք չեն կատարի իրենց պարտավորությունները, կարող են տուգանվել իրենց գլոբալ շրջանառության 6%-ի չափով: Համաձայնագրի ստորագրումից հետո ընկերությունները 6 ամիս կունենան միջոցառումներ ձեռնարկելու համար։
«Բրեքզիթից մինչեւ Ուկրաինայի պատերազմ, հայտնի սոցցանցերը թույլ են տվել, որպեսզի ապատեղեկատվությունը եւ ապակայունացման ռազմավարությունները տարածվեն, նույնիսկ՝ դրանից գումար վաստակելով: Ապատեղեկատվությունը չի կարող եկամտի աղբյուր մնալ։ Պլատֆորմներն այլեւս չպետք է նույնիսկ մի եվրո ստանան՝ ապատեղեկատվություն տարածելու համար»,- ասել է ԵՄ-ում ապատեղեկատվության դեմ պայքարի պատասխանատու Թիերի Բրետոնը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։