Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, օգտատերերից բազմաթիվ ահազանգեր են ստացվել այն մասին, որ Google-ի մի շարք ծառայություններ անկայուն են գործում կամ հասանելի չեն։
Խափանումները վերաբերում են Search, YouTube, Gmail, Drive, Maps և այլ ծառայություններին։
Խնդիրները առավել շատ արձանագրվել են Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում։
Outage.Report հարթակի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Google-ի ծառայությունների խափանումներ գրանցվել են 44 երկրում, ներառյալ նաև Հայաստան, Թուրքիա, Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Սերբիա, Նիդեռլանդներ և Գերմանիա։
«OONI-ի սքաները, որով մենք չափումներ ենք անում, անոմալիաներ է արձանագրել Viva, Ucom, Fnet օպերատորների մոտ: VPN-ով փորձարկումներ եմ արել Գերմանիայում, ԱՄՆ֊ում, Ֆինլանդիայում խնդիր չկա»,- անդրադառնալով խնդրին, գրում է մեդիաանվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։
Օգտատերերը հիմնականում բախվել են հետևյալ խնդիրների․ կայքերը չեն բեռնվում, համակարգը վերադարձնում է “5xx server error” սխալներ, որոշ դեպքերում էլ առկա է եղել YouTube-ում տեսանյութերի չբեռնվելու խնդիր։
Այս պահի դրությամբ Google-ը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել, և խափանումների իրական պատճառները չեն հաղորդվում։