Google-ը աշխատանքից ազատել է 28 աշխատակցի՝ կապված այս շաբաթ իր երկու գրասենյակներում բողոքի ցույցերի հետ, հաղորդում է The Verge–ը:
Ազատումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը Նյու Յորքում և Կալիֆորնիայում 9 աշխատակիցներ բերման են ենթարկվել, ապա ձերբակալվել:
Ազատված աշխատակիցները ներգրավված են եղել «Project Nimbus» ծրագրի դեմ իրականացվող բողոքի ակցիաներում։
«Project Nimbus» նախագիծն իրենից ներկայացնում է 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր՝ կնքված Իսրայելի կառավարության և Google-ի ու Amazon-ի միջև՝ ամպային հաշվողական ծառայությունների համար: Այն Իսրայելին ամպային ծառայությունների «էկոհամակարգ» տրամադրելու մասին է, որի հիմնական շահառուն կլինեն Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF): Տվյալների սերվերի երեք կենտրոնների շինարարությունն արդեն սկսվել է։
Google-ի ու Amazon-ի աշխատակիցները Գազայի դեմ Իսրայելի կողմից հրահրված պատերազմի արդյունքում են կոչ անում իրենց գործատուներին դադարեցնել պայմանագիրը:
Նշվում է, որ բողոքի ցույցի ընթացքում ցուցարարներից ոմանք ներխուժել են Google Cloud-ի գործադիր տնօրեն Թոմաս Կուրյանի աշխատասենյակ և հեռացվել այնտեղից միայն իրավապահների կողմից կիրառված բռնի գործողությունների արդյունքում միայն։
Հիշեցնենք, որ մարտին Google-ը աշխատանքից ազատեց իր ծրագրային ապահովման ինժեներին՝ Էդդի Հեթֆիլդին, ով հրապարակայնորեն բողոքել էր Project Nimbus-ի դեմ՝ Նյու Յորքում իսրայելական ամենամյա «Mind the Tech» տեխնոլոգիական համաժողովում:
«Ես Google Cloud-ի ծրագրային ապահովման ինժեներ եմ և հրաժարվում եմ տեխնոլոգիա կառուցելուց, որն աջակցում է ցեղասպանությանը, վտանգի տակ է դնում Պաղեստինի ժողովրդի կյանքը», — ասել էր Հեթֆիլդը համաժողովում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: