Ապրիլի 21-ին ոսկու արժեքը համաշխարհային շուկաներում կրկին անցել է պատմական սահմանագիծը՝ առաջին անգամ հատելով 3400 դոլարի շեմը մեկ ունցիայի համար: Նյու Յորքի Comex բորսայում հունիսյան ֆյուչերսների գինը հասավ 3401,2 դոլարի՝ արձանագրելով շուրջ 2% աճ:
Ապրիլի 22-ին ոսկու գինը շարունակել է աճել՝ հասնելով 3459,07 դոլարի։
Ոսկու գնի կտրուկ բարձրացման հիմնական պատճառը ներդրողների մեծացող հետաքրքրությունն է այս թանկարժեք մետաղի հանդեպ՝ որպես ապահով ներդրում անկայուն ժամանակներում: Աշխարհում տիրող քաղաքական լարվածությունն ու տնտեսական անկայունությունը մղում են ներդրողներին դեպի այս հուսալի արժեքը: Ոսկու գնի աճին զուգահեռ բարձրացել է նաև արծաթի արժեքը՝ հասնելով 32,86 դոլարի մեկ ունցիայի համար:
Սակայն, չնայած շարունակական աճին, մասնագետների կարծիքները տարբեր են: Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ ոսկու գինը կշարունակի բարձրանալ՝ պայմանավորված կայուն պահանջարկով և համաշխարհային անկայունությամբ: Մյուսները զգուշացնում են, որ ներկայիս բարձր գներով ոսկի ձեռք բերելը կարող է ռիսկային լինել, քանի որ արագ բարձրացած գների ընկնելու հավանականությունը միշտ էլ առկա է:
Միևնույն ժամանակ, նավթի շուկայում գները ցուցաբերել են խառը միտումներ: Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,03%-ով՝ կազմելով 67,04 դոլար մեկ բարելի համար, մինչդեռ WTI տեսակի նավթի գինն աճել է 0,1%-ով՝ հասնելով 63,1 դոլարի: