Հայաստանում գնաճը կազմել է 3․3%․ սնունդը թանկացել է

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի առաջին ինը ամիսներին Հայաստանում գնաճը չափավոր է եղել։ Սպառողական գների ինդեքսը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3․3%-ով, իսկ սեպտեմբերի գնաճը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ կազմել է 3․7%։ Գնաճի ձևավորման հիմնական աղբյուրներն են եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների (5․2%), ալկոհոլային խմիչքների և ծխախոտի (5․6%), ինչպես նաև կրթության (7․9%) ոլորտները։ Միևնույն ժամանակ, հագուստի և կոշիկի գները նվազել են շուրջ 2%-ով։

Արտադրական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3․1%, իսկ գյուղատնտեսական արտադրողների իրացրած ապրանքների գները՝ 4․9%։ Գյուղատնտեսական մթերքների գների աճը պայմանավորված է եղել հատկապես մրգերի և կենդանական ծագման մթերքների թանկացմամբ․ ելակի գինը աճել է մոտ 50%-ով, սերկևիլի գինը՝ գրեթե կրկնակի, իսկ տավարի միսը հասել է 3110 դրամի։

Շինարարության ոլորտում, հակառակ ընդհանուր գնաճային միտումներին, արձանագրվել է նկատելի գնային անկում․ շինարարական աշխատանքների և սարքավորումների գները նվազել են համապատասխանաբար 7․3% և 9․2%։

Արտահանման միջին գները հունվար-սեպտեմբերին աճել են 7․5%, մինչդեռ ներմուծման գներն ավելացել են ընդամենը 0․2%։ Արտահանման արժեքների բարձրացումը հիմնականում վերաբերում է ԱՊՀ երկրներին ուղղված մատակարարումներին, որտեղ գները աճել են 15․5%-ով։

Արտարժույթի շուկայում դրամը ամրապնդվել է դոլարի նկատմամբ՝ հասնելով 96․5%-ի՝ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ, սակայն արժեզրկվել է եվրոյի (108․2%) և ռուսական ռուբլու (119․7%) նկատմամբ։

Գնաճային ճնշումների ֆոնին անշարժ գույքի շուկայում պահպանվել է երկակի միտում․ Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները սեպտեմբերին նվազել են 0․5%-ով, մինչդեռ մարզերում աճել են 19․2%-ով։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականի ինն ամսում արձանագրվել է 18․7% աճ մարզային անշարժ գույքի գներում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները