Գիտուժ նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության մարտահրավերները և տարիների ընթացքում չլուծված խնդիրները հերթական անգամ երկիրը հասցրել են գոյաբանական ճգնաժամի։
Գիտուժը ծնվեց 44-օրյա պատերազմից հետո երբ տարբեր աշխարհայացքային և քաղաքական մտածողություն ունեցող բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ իրենց աջակցությունը հայտնեցին նախաձեռնության օրակարգին։
Գիտուժի օրակարգի ձևավորումը և դրա շուրջ համախմբումը տեղի ունեցավ, քանի որ հազարավոր մարդիկ տարբեր մակարդակներում ականատես եղան, որ պատերազմում պարտության հիմքում Հայաստանի գիտական և տեխնոլոգիական անպատրաստվածությունն էր։
Գիտե՛ք, անպատրաստվածության պատճառները բազմաթիվ են ու բազմաշերտ։ Կարճ կարելի է ասել՝ գիտությունը Հայաստանի Հանրապետության օրակարգում չէր և եղած ներուժը ամեն օր թուլանում էր ու համակարգային ձևով չէր օգտագործվում երկրի նպատակներին և կարիքներին ծառայեցնելու համար, գիտությունից և տեխնոլոգիաներից արդյունք ստանալու համար։
Իսկ գիտությունից ու տեխնոլոգիաներից արդյունք ստանալ ասելով մենք հասկանում ենք ռազմական տեխնիկա և տեխնոլոգիա, զարգացած տնտեսություն, կրթության որակի բարձրացում, քաղաքական մտքի լայնություն և խորություն, ուժեղ մարդկային կապիտալ և առողջ հասարակություն։
Գիտությունից արդյունք ստանալը կամ աշխարհից Հայաստան գիտելիքի փոխանցումը և դրա արդյունավետ օգտագործումը կազմակերպելը կախված է մեր պետության կարիքներից ու նպատակներից բխող գիտական և տեխնոլոգիական ներուժի զարգացումից և աշխատող գիտական ու նորարական համակարգ ստեղծելուց։
Ուրիշ ճանապարհ չկա։ Պետք է հետևողականորեն և համառաբար գիտուժ զարգացնել և համակարգ ստեղծել։ Սա բարդ ու երկարաժամկետ, բայց գոյաբանական խնդիր է։ Դրանից է կախված է Հայաստանի Հանրապետության առջև ծառացած գրեթե բոլոր մարտահրավերները լուծելու համար հարկավոր գիտելիքի, կարողությունների ու գործիքակազմերի ձևավորումը։ Այս առաքելությանը հասնելու համար ենք որոշել երկարաժամկետ մտածել ու Գիտուժ անել։
Այո՛, բոլորս այս գործն ուշ ենք սկսել։ Գիտուժ պետք էր 15, 20, 30 տարի առաջ անել։ Բայց, մեկ է, այս գործը չի կարող չարվել։ Իրեն շատ ենք արդեն անտեսել, չկարևորել, Հայաստանի օրակարգերի ցուցակում ամենավերջին տեղում պահել։
Հայաստանի Հանրապետության ոչ մի կառավարություն չի՛ կարևորել և չի՛ օգտագործել գիտությունն ու տեխնոլոգիան որպես գործիք մեր երկրի մարտահրավենրերը լուծելու և նպատակներին հասնելու համար՝ անտեսելով աշխարհի փորձը և գործի կենսական կարևորությունը պետակաշինության հարցում։ Սա է առանցքային խնդիրը։
Ինչպես նշեցինք գրառման սկզբում՝ Գիտուժի համայնքը մեծ է և բազմաշերտ։ Համայնքում կան բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ, որոնք տարիներ շարունակ իրենց աշխատանքով ուժեղացրել են Հայաստանը։ Այս օրերին էլ իրենցից շատերը տարբեր նախաձեռնությունների շրջանակում (քաղաքականից սկսած կամավորականությամբ վերջացրած) աջակցում են Արցախի մեր սիրելի հայրենակիցներին, ընկերներին ու բարեկամներին։
Ինչ վերաբերում է Գիտուժին, այն ստեղծվել երկարաժամկետ խնդիրի լուծմանն աջակցելու գիտակցությամբ և նպատակով։ Հետևաբար ցանկացած իրավիճակում այն հավատարիմ է մնալու իր առաքելությանը. ուժեղացնելու է բոլորի մտքերում և սրտերում գիտուժի կարևորությունը, ցանկացած ներկա և ապագա կառավարություններին ստիպելու, պահանջելու և օգնելու է գիտական և տեխնոլոգիական ներուժ զարգացնել, ստեղծել համակարգ, որը կօգնի այդ ներուժն օգտագործել Հայաստանի Հանրապետության անկախության, անվտանգության և բարեկեցության ապահովման համար։
Ապագայում նորից Հայրենիք չկորցնելու համար մենք հետևողականորեն ու աննկուն Գիտուժ ենք անելու։ Խնդրում ենք մեր բոլոր ընկերներին իրենց սրտերում և մտքերում այս առաքելության համար մի՜շտ տեղ պահել, չմոռանալ այն։
Մենք մեր զորակցությունն ու սերն ենք հայտնում Արցախի մեր բոլոր հայրենակիցներին։ Պի՛նդ կացեք։
Սիրով, Գիտուժ թիմ»։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: