Ինչ՝ Գլոբալ ինովացիոն ֆորում (GIF22)
Երբ՝ հոկտեմբերի 5-6
Որտեղ՝ Երևան, Դվին մյուզիք հոլ
Կազմակերպիչ՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST)
Մասնակցությունը՝ անվճար, գրանցումով՝ այստեղ
Օրակարգը՝ այստեղ
Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF22) Հայաստանում կհամախմբի խոսնակներ միջազգային տեխնոլոգիական ընկերություններից, ֆինանսական կառույցներից ու գիտահետազոտական կենտրոններից:
Հոկտեմբերի 5-6-ը Հայաստանը կհյուրընկալի Moderna, Flagship Pioneering, McKinsey & Company, AECOM, ABBY, Syniverse Technologies, IBM, Amazon, Analog Devices, Huawei, AI Fund ընկերությունների, տեղական ու միջազգային ֆինանսական կառույցների, միջազգային գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Սիլիկոնային հովտի առաջատար ստարտափերի բարձր ներկայացուցիչներին։ Առիթը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից կազմակերպվող ամենամյա Գլոբալ ինովացիոն ֆորումն է։ Այն Հայաստանում հիմնադրված միջազգային հարթակ է, որը նպատակ ունի երկրին բերել համաշխարհային հռչակ ու հեղինակություն։ Տարբեր ձևաչափեր միավորող երկօրյա միջոցառումը կանցկացվի «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։ GIF22-ը բացառիկ հարթակ է գիտական աշխարհի առաջատար մասնագետներին, գործարարներին ու առաջնորդներին Հայաստանում համախմբելու, աշխարհում առկա նորարարական մոտեցումներն ու ի հայտ եկող մարտահրավերները քննարկելու, լուծումներ ուրվագծելու, այդպիսով՝ ստեղծելով կամուրջ գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև:
Այս տարի ևս միջոցառման ընթացքում կկիրառվեն տարբեր ձևաչափեր։ Ավանդական խորքային գիտական քննարկումներին զուգահեռ GIF22-ի ընթացքում կլինի Fishbowl session-ը՝ քննարկման ոչ ֆորմալ ձևաչափ, որը թույլ է տալիս ներգրավել քննարկման բոլոր մասնակիցներին։ Նախորդ տարիներին, ընդհանուր առմամբ՝ այս միջոցառումներին մասնակցել է 26 երկրից 200-ից ավելի խոսնակ, 3500-ից ավելի ֆորումի մասնակից:
GIF22-ին ներկա կլինեն բանախոսներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ավելի քան 20 երկրից։ Միջոցառման գլխավոր բանախոսը Նուբար Աֆեյանն է, ով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ՌՆԹ պատվաստանյութեր արտադրող նորարարական ընկերության՝ Moderna-ի համահիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահն է։
Որպես McKinsey & Company-ի ներկայացուցիչ՝ ֆորումին իր մասնակցությունը կբերի Անդրե Անդոնյանը, ով նաև Ընկերության կորեական գրասենյակի ավագ գործընկերներից է։ McKinsey & Company-ն կառավարման ոլորտի համաշխարհային խորհրդատվական ընկերություն է, որն իր մեծ փորձով աշխատում է մասնավոր, պետական և սոցիալական ոլորտների առաջատար ընկերությունների և կազմակերպությունների հետ։
ABBYY ընկերությունը կներկայացնի Դավիթ Յանը, ով արհեստական բանականության (ԱԲ) զարգացման համաշխարհային առաջնորդներից է։ ABBYY-ն բիզնեսներին ապահովում է խելացի լուծումներ՝ տրամադրելով բանականություն, որը խթանում է ավտոմատացման հարթակները:
Flagship Pioneering-ից ֆորումին կմասնակցի Ավագ Քահվեջյանը, ով ընկերության գործընկերն է 2011 թվականից և ղեկավարում է նոր թերապևտիկ հարթակների ստեղծմամբ ու թողարկմամբ զբաղվող թիմին։
AI Fund-ից ֆորումին կմասնակցի դոկտոր Կարլոս Ալզատեն՝ Կոլումբիայում Andrew Ng’s AI Fund-ի ԱԲ կենտրոնի ավագ խորհրդատուն և գլխավոր մենեջերը։ AI Fund-ը վենչուրային կապիտալով ընկերություն է, որը ձգտում է առաջ մղել մարդկությունը՝ արագացնելով արհեստական բանականության լուծումների տարածումը։
Գլոբալ ինովացիոն ֆորումի մեկնարկը տրվել է 2017-ին՝ «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» թեմայով NSF-FAST միջազգային աշխատաժողովով, որը հնարավոր դարձավ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի համագործակցությամբ։ Հայկական գիտական համայնքի և նրանց արտասահմանյան գործընկերների միջև շփման կարևոր այս հարթակը վերանվանվեց Գլոբալ ինովացիոն ֆորում արդեն 2018-ին և հաջողությամբ անցկացվեց նաև 2019-ին։ Հաջորդ տարիներին, համաշխարհային համավարակով և սահմանափակումներով պայմանավորված, GIF-ը դադար վերցրեց։ 2022-ին այն չորրորդ անգամ մեկնարկում է ամենամյա խոշոր միջազգային միջոցառում դառնալու հավակնությամբ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։