ԱՄԵՐԻԱ ՓԲԸ-ն և GEM համաշխարհային կոնսորցիումն արդեն 2-րդ անգամ հրապարակել են Global Entrepreneurship Monitor (GEM) Հայաստանի ազգային զեկույցը, որտեղ վերլուծվում են ձեռնարկատիրական ակտիվության միտումները, մոտիվացիաները, նորարարական ներուժը և էկոհամակարգի հիմնական խնդիրները։
Հայաստանի գործարար միջավայրը նորարարության խոստումնալից նախանշաններ է ցուցաբերում, սակայն գործնականում դեռ զգալիորեն հետ է մնում թվային և արհեստական բանականության գործիքների կիրառման տեմպերով։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանի կայացած ձեռնարկատերերի միայն 29.2 տոկոսն է ակնկալում առաջիկա վեց ամսում ավելացնել թվային տեխնոլոգիաների օգտագործումը բիզնեսում, ինչն ավելի քան զգալիորեն ցածր է համաշխարհային միջինից։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է 45-րդ հորիզոնականում՝ 51 GEM երկրներից։
Դրա կողքին էլ արհեստական բանականության նկատմամբ վերաբերմունքը դեռ ձևավորված չէ։ Վաղ փուլում գտնվող ձեռնարկատերերի ընդամենը 22.8 տոկոսն է այն համարում «շատ կարևոր» գործիք առաջիկա երեք տարիների բիզնես մոդելի համար, իսկ կայացած բիզնեսների պարագայում այդ ցուցանիշը նույնիսկ ավելի ցածր է՝ 17.5 տոկոս։ Համապատասխանաբար Հայաստանը զբաղեցնում է 32-րդ և 37-րդ տեղերը՝ մնալով ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային միջինից ներքև։
Թվային գործիքների կարևորության գնահատման ցուցանիշները նույնպես բավականին ցածր են։ Սոցիալական մեդիան, էլ․ փոստ մարքեթինգը, վեբ կայքերը և նույնիսկ բազային թվային հաղորդակցման հարթակները հարցված ձեռնարկատերերի կողմից ընկալվում են որպես ոչ այնքան ռազմավարական անհրաժեշտություն։ Հատկապես կայացած բիզնեսները այս գործիքների կարևորությունը չնչին են համարում։
Ավելի առաջադեմ տեխնոլոգիաները՝ ինչպես օրինակ ամպային պահոցները, տվյալների վերլուծությունն ու ԱԲ լուծումները, գրեթե չեն դիտարկվում որպես առաջնահերթություն։ Այս ամենի պատճառներից հիմնականը, ըստ զեկույցի, դրանց կիրառման բարձր արժեքն է։ Հայ ձեռնարկատերերն առավել հաճախ նշել են հենց ծախսերը՝ որպես արհեստական բանականության ներդրման խոչընդոտ։ Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում տվյալների անվտանգությունը կամ գաղտնիությունը որպես խնդիր գրեթե չի բարձրացվում։